Աշխարհ

31.03.2019 23:35


Էքզիթ-փոլի տվյալներով` Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն

Էքզիթ-փոլի տվյալներով` Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցնում Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն

Ազգային էքզիթ-փոլի տվյալները ցույց են տվել, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում դերասան, շոումեն Վլադիմիր Զելենսկին ստացել է ընտրողների ձայների 30,4 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ընտրատեղամասերի մոտ անցկացված հարցման տվյալներով՝ նրան հաջորդում է գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 17,8 տոկոս ձայնով: Երրորդ տեղում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն է՝ 14,2 տոկոս ձայնով:

Նրանց հաջորդում է «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսկացության թեկնածու Յուրի Բոյկոն, որը ստացել է 9,8 տոկոս ձայն, իսկ հինգերորդը նախագահական աթոռի համար մրցապայքարում «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության թեկնածու Անատոլի Գրիցենկոն է, որն ստացել է ձայների 7,1 տոկոսը:

Մեկ այլ էքզիթ-փոլի տվյալներով, որը մեջբերում է ТСН հեռուստաալիքը, տեղի ժամանակով 18:00-ի դրությամբ՝ Զելենսկու օգտին քվեարկել է ընտրողների 30,1 տոկոսը, Պորոշենկոյի օգտին՝ 18,5, իսկ Տիմոշենկոյի օգտին՝ 14 տոկոսը:

SOCIS կենտրոնի տվյալներով՝ տեղի ժամանակով 19:00-ի դրությամբ՝ Զելենսկին հավաքել է 29,25 տոկոս ձայն, Պորոշենկոն՝ 19,19, Տիմոշենկոն՝ 13,75:

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խոստանում է արդյունքներն ամփոփել մինչև ապրիլի 10-ը:

Քանի որ թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն, ապրիլի 21-ին կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը