Լրահոս

29.03.2019 15:30


Կ. Օրբելյանն աշխատանքից ազատվել է հայերենին չտիրապետելու պատճառով. մանրամասներ

Կ. Օրբելյանն աշխատանքից ազատվել է հայերենին չտիրապետելու պատճառով. մանրամասներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:

Armdaily.am-ի հետ զրույցում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ասաց, որ մաեստրոն օրենքի խախտումով է նշանակված եղել տնօրենի պաշտոնում:

«Նախ՝ չի տիրապետում հայերենին, իսկ Լեզվի մասին օրենքում ասվում է, որ բոլոր պետական կազմակերպություների ղեկավարները պետք է պարտադիր տիրապետեն գրական հայերենին: Երկրոդ՝ նրան տնօրենի պաշտոնում նշանակվելու հրամանը եղել է ավելի շուտ, քան այդ պաշտոնում նշանակելու համար կառավարության որոշման փոփոխությունը ուժի մեջ է մտել: Եվ երրորդ՝ մենք մի քանի ամիս է՝ զբաղված ենք այդ հարցերով: Ե՛վ փաստաբանների պալատից, և՛ նախագահի աշխատակազմից, և՛ վարաչապետի անձնակազմից դիմում էին մեզ՝ ասելով, որ այսպիսի խախտումներ կան»,- ասաց Ղարիբյանը:

Վերջինս նշեց, որ Մշակույթի նախարարությունը նույն հարցով դիմել է Արդարադատության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի պարզի՝ արդյոք գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստեղծագործակա՞ն է, թե ղեկավար պաշտոն:

«Մինչև հիմա մեկ անձը զբաղեցրել է այդ երկու պաշտոնները՝ կարծելով, որ դա ստեղծագործական է: Բայց պարզվեց, որ դա ղեկավար պաշտոն է: Պարոն Օրբելյանը զբաղեցնում է միանգամից 3 պաշտոն՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի լիարժեք հաստիքներ: Դա օրենքի կոպիտ խախտում է»,- ասաց Մշակույթի նախարարի պարտականություններ կատարողը: Նա նաև նշեց, որ մի հուլիս ամսից մի քանի անգամ հանդիպել է մաեստրոյի հետ, զրուցել և տեղեկացրել խնդրի մասին: Օրբելյանը սկզբում համաձայնել է հրաժարական տալ, սակայն հետո կտրականապես հրաժարվել:

«Մենք անընդհատ նամակագրության մեջ ենք եղել, և ես բացատրել եմ, որ լավ կլինի՝ Օրբելյանը հրաժարվի տնօրենի պաշտոնից և մնա գեղարվեստական ղեկավար»,- ասաց Նազենի Ղարիբյանը: Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի պաշտոնին, ապա 6 ամսյա ժամկետում կկազմակերպվի մրցույթ և կընտրվի նոր տնօրեն:

Այս խորագրի վերջին նյութերը