Լրահոս

28.03.2019 17:06


«Փաշինյանը չի կարող լիարժեք պատկերացում ունենալ ԼՂ հարցի մասին առանց նախկին նախագահների հետ հանդիպման»

«Փաշինյանը չի կարող լիարժեք պատկերացում ունենալ ԼՂ հարցի մասին առանց նախկին նախագահների հետ հանդիպման»

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաջողություն է ցանկանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ղարաբաղյան հարցում։ Այս մասին Աշոտյանն արդեն առաջին անգամ չէ, որ հայտարարում է լրագրողների հետ զրույցում։

Արմեն Աշոտյանի կարծիքով՝ Փաշինյանի ելույթը Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վկայում է սխալները շտկելու փորձերի մասին, որոնք թույլ էին տրվել 10 ամիս առաջ ռազմավարական եւ մարտավարական հարցերում։

«Փաստորեն, օրակարգից գրեթե դուրս են մղվել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմանավորվածությունները։ Այդ պայմանավորվածություները ադրբեջանական դիվանագիտության ձախողումն էին ապրիլյան ագրեսիայի պատճառով։ Իսկ մեր վարչապետն ասում է. «ադրբեջանցիներն ինձ ասացին, որ նման պայմանավորվածություններ չեն էլ եղել»։ Դե, ինչպես՞ չվրդովվես այստեղ։ Բարեբախտաբար, ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, կարողացավ բացատրել, որ այդպես չէ, եւ որ արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ ներքաղաքական գործիքակազմով։ Արտաքին քաղաքականությունում հաջողության չեն հասնում լացակումած պատմություններով այն մասին, թե չես կարողանում լվացքի մեքենայի վարկդ վճարել։ Գուցե դա լավ ներքաղաքական հնարք է, սերիալի հերթական սերիա, որը երեկ ենք դիտել։ Ղարաբաղյան հարցում բոլորը պետք է համերաշխություն դրսեւորեն, պատկերավոր ասած՝ նայեն մեկ ուղղությամբ, անկախ այն բանից, թե ով որ կուսակցությունն է ներկայացնում»,- ընդգծել է Արմեն Աշոտյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ոչ միայն քննադատում է իշխանություններին, այլեւ միշտ այլընտրանք է առաջարկում՝ սկսած ԵՄ-ի հետ հարաբերություններից մինչեւ ՌԴ-ի հետ հարաբերություններ։

«Ես ցանկանում եմ Փաշինյանին հաջողություն ղարաբաղյան հարցում։ Չեմ պատրաստվում չարախնդալ անհաջողության դեպքում, որովհետեւ մենք բոլորս միասին ենք հատուցելու։ Բայց ցանկանում եմ, որպեսզի մեր բարյացակամությունը չչարաշահեն, որովհետեւ նրան հաջողություն մաղթելը թելադրված է հայրենասիրությամբ։ Բայց նա նույնպես պետք է լսի ու գիտակցի, որ «ես ինքս ամեն ինչ գիտեմ» թեզը, մեղմ ասած, վայել չէ քաղաքական գործչին, մանավանդ նրան, ով իրեն Մովսեսի տեղն է դրել։ Քրիստոսը զրուցում էր աշակերտների հետ, որպեսզի հասկանար, թե ինչպես կատարի իր առաքելությունը։ Նիկոլ Փաշինյանը հեռու է Քրիստոսից լուսային շատ տարիներ, մանավանդ պետք է լսի եւ կարդա, բայց ոչ թե իր մասին ստատուսները, եւ կարգադրություններ անի հարձակվել քննադատողների վրա։ Նա պետք է քննադատությունից ռացիոնալ հատիկը քաղի»,- նշել է Աշոտյանը։

Պատասխանելով Ղարաբաղի հարցով նախկին նախագահների հետ զրուցելու Փաշինյանի պատրաստակամության մասին հարցին՝ Աշոտյանը նկատեց, որ սա խոսում է այն մասին, որ Փաշինյանը 10 ամիս անց վերջապես գիտակցել է, որ ավելի ճիշտ է ոչ թե Դավոսում Ալիեւից տեղեկություններ ստանալ, այլ հարցնել, այդ թվում՝ նաեւ Ռոբերտ Քոչարյանին, որին հենց ինքը բանտ է նստեցրել:

Ինչ վերաբերում է նախկին արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Փաշինյանի հիշատակած հանդիպման մասին, ապա, ըստ Աշոտյանի, այն կայացել է մինչեւ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը եւ տեւել 10 րոպե:

«Եթե կարծում եք, որ դա բավական է...»:

Աշոտյանը հիշեցրեց չինական ասացվածքն այն մասին, որ «եթե բավականին երկար նստել գետի ափին, ապա կարելի է դրանով հոսող հակառակորդի մարմինը տեսնել»:

«Իսկ մենք ունե՞նք այդքան ժամանակ: Որքան էլ հին ժողովուրդ մենք լինենք, կարո՞ղ ենք մենք մեզ ճոխություն թույլ տալ նստել կառավարության շենքում եւ սպասել հարցերի լուծմանը», - հարց հնչեցրեց Աշոտյանը: Ընդ որում, Աշոտյանն ընդգծեց, որ ինքը, եւ վստահ է՝ նաեւ Սերժ Սարգսյանը, պատրաստ է ընդունել հանդիպման մասին Փաշինյանի առաջարկը, եթե այն լինի:

«Առանց Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ զրույցի՝ ղարաբաղյան հակամարտության մասին լիարժեք պատկերացում չի կարող լինել: Թեեւ վերջինիս դեպքում, կարծում եմ, նրանք շփվում են: Սա այն հարցն է, երբ անձնական համակրանքը ու հակակրանքը պետք է մի կողմ թողնել: Քաղաքականությունում դու միշտ չէ, որ շփվում ես քեզ հաճելի մարդկանց հետ»,- խորհուրդ տվեց Աշոտյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը