Աշխարհ

27.03.2019 16:34


Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

Մոգերինին վերահաստատել Է, որ ԵՄ-ն չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ

ԵՄ-ն պաշտոնապես հաստատում Է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի՝ մարտի 27-ին տարածված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին:

Նման միակողմանի գործողություններին դեմ են արտահայտվել ոչ միայն Սիրիան եւ արաբական ու իսլամական աշխարհի այլ երկրներ, այլեւ Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրոպայի հանգուցային երկրները, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան:

«Գոլանի բարձունքների կարգավիճակի նկատմամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել: Միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի 242 եւ 497 բանաձեւերին համապատասխան` Եվրոպական միությունը չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ»,-ասված Է Մոգերինիի հակիրճ հայտարարության մեջ:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը