Աշխարհ

26.03.2019 20:14


Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող թուրքերի կապը Թուրքիայի հետ. «Financial Times»

Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող թուրքերի կապը Թուրքիայի հետ. «Financial Times»

Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող մահմեդականների տնտեսական ու հոգևոր կապերը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yurtgazetesi»-ն՝ վկայակոչելով բրիտանական «Financial Times»-ը:

Ըստ FT-ի՝ Բեռլինն անհանգստացած է Թուրքիայի կրոնական գործերի վարչության «Թուրք-իսլամական միության» (DİTİB) ծավալած գործունեությամբ Գերմանիայի թուրքերի շրջանում:

Պարբերականի հետ զրույցում Գերմանիայի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարկուս Քերբերն ասել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ընդունեն, որ արդեն անցյալում են այն օրերը, երբ Գերմանիայի մզկիթների վերահսկողությունը ամբողջությամբ պատկանում էր DİTİB-ին:

«Անկարայի պատասխանատուներին էլ եմ ասել՝ ձեր թուրքերը արդեն մեր թուրքերն էլ են, վարժվեք այդ մտքին»:

Ըստ գերմանացի պաշտոնյայի՝ իրենց նպատակն է նվազեցնել դրսի ազդեցությունը իրենց երկրում բնակվող փոքրամասնությունների վրա:

«Այս պահին Գերմանիայի մահմեդականների համար պետք է մի այնպիսի իսլամ, որը հենց Գերմանիայինը կլինի: Սա չի նշանակում, որ մենք նոր գաղափարախոսություն ենք ստեղծում. սրանով մենք որոշում ենք, թե տեղի մահմեդականներին ինչպիսի իսլամ է հարկավոր»,- ասել է Քերբերը:

Գերմանացի փոխնախարարը, խոսելով «տեղական» կամ «գերմանական» իսլամի մասին, ասել է, որ տեղի մահմեդականները պետք է գերմաներենով քարոզներ լսելու իրավունք ունենան, իսկ քարոզ կարդացող իմամը պետք է հաղորդակից լինի գերմանական իրականությանը:

Պարբերականը տեղեկացնում է, որ Թուրքիան DİTİB-ի միջոցով Գերմանիայի մահմեդականների շրջանում լայն ցանց է ձևավորել: Գերմանիայում գործող 2400 մզկիթներից 900-ը հենց այդ կազմակերպությունն է ղեկավարում: Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը իմամներ է (մահմեդական հոգևորական) է ուղարկում այդ մզկիթներում ծառայելու համար, որոնց աշխատավարձներ է տալիս պետական բյուջեից:

Նշվում է, որ թուրք-գերմանական հարաբերություններում առկա լարվածության պատճառներերից մեկն էլ 1960-ականներին Գերմանիայում հաստատված մեծաթիվ թուրքերի՝ գերմանական հասարակությանը չինտեգրվելու խնդիրն է, ինչին իր գործողություններով նպաստում է Թուրքիան:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը