Հարցազրույց

25.03.2010 13:22


Գեղամ Բաղդասարյան

Գեղամ Բաղդասարյան

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ պատգամավոր անկախ Գեղամ Բաղդասարյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում  սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանի հետևյալ հայտարարությունը. «Երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն, և ստեղծվեն անվտանգության և զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը»։

-Սիրիական թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերի հետ «կռիվս տալուց» առաջ և դրա փոխարեն պարզապես, ըստ իս, հարկավոր է մի պարզ ու հասարակ հարց տալ նրան՝ օրինական ու բարոյական ի՞նչ իրավունքով է նա այդկերպ կանխորոշում երկրորդ հայկական պետականության ճակատագիրը, եթե ԼՂՀ բարձրագույն իշխանությունը քանիցս հրապարակավ ասել է, որ չունենք ազատագրված տարածքներ, այլ ունենք երկրի սահմաններ, որոնք ամրագրված են նրա սահմանադրության մեջ, իսկ արցախյան հանրության դիրքորոշումն էլ այս հարցում էլ ավելի կոշտ ու կտրուկ է, նաև այն, որ չկա որևէ փաստաթուղթ, որով ԼՂՀ ղեկավարությունը ՀՀ ղեկավարությանը լիազորում է ներկայացնել իր շահերը բանակցային գործընթացում։ Սույն «ինքնագործունեության» գնահատականը նախևառաջ պիտի տալ։ Մնացյալ բոլորը ածանցյալ է այս հանգամանքից։ Ուստի գոնե այս անգամ եկեք հրաժարվենք անիմաստ քննարկումներից և ազգովի այս հարցը տանք ՀՀ իշխանությանը։ Խորապես համոզված եմ՝ սույն հարցի պատասխանը հայությանը հուշելու է իր անելիքը։ Ուրիշ բան որ չլինի՝ ի՞նչ գործ ունի ՀՀ նախագահը մեկ այլ պետության տարածքների հետ։ Առավել ևս, որ պետությունն այդ իշխանություն ունի։

-Ինչպիսի՞ն  է Արցախի արձագանքն այդ և նմանատիպ հայտարարությունների վերաբերյալ։

-Ամեն անգամ այս հարցին պատասխանելուց ուղղակի նյարդայնանում եմ։ Ուզում ես անմիջապես պատասխանել՝ չգիտեմ։ Իսկապես չգիտեմ։ Որպես կանոն, այս կամ այն հայտարարությանը Ստեփանակերտից պատասխանում են երկու-երեք հոգի, այն էլ փորձագիտական մակարդակով։ Կարելի՞ է սա անվանել Արցախի արձագանք։ Չգիտեմ, դժվար թե։ Կարևոր է Արցախի պաշտոնական արձագանքը։ Հարցրեք ԼՂՀ բարձրագույն ղեկավարությանը, ԱԳՆ-ին, քաղաքական ուժերին և այլն։ Այսօր պարզապես պիտի հարցնել ԼՂՀ իշխանությանը՝ կիսու՞մ եք ՀՀ նախագահի տեսակետը, թե՞ ոչ։ Սա շատ ավելի կարևոր է, քան փորձագետիս կարծիքը։ Թե Երևանում և թե Ստեփանակերտում մենք պիտի կարողանանք հարցնել իշխանությանը և ստանալ սպառիչ պատասխան։ Մեր այդ հնարավորության հարցը նախևառաջ պիտի լուծել։ Հետո էլ՝ ի՞նչ ասել է Արցախի արձագանք։ Կա-չկա իշխանություն, կան-չկան քաղաքական ուժեր, կա-չկա ընդդիմություն և այլն, և այլն։ Այս ամենը հնարավոր չէ մի տանիքի տակ առնել, նույնիսկ արցախյան այսօրվա «համազգային միասնության» պայմաններում։

-Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է մոտ ապագայում տեսանելի ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը։

-Որքան հիշում եմ՝ հանգուցալուծումը միշտ էլ մոտ է եղել, և այդ մոտալուտ հանգուցալուծմամբ էլ ապրում ենք՝ մի տարի, տասը տարի...Բանուգործ թողած, ներքին պրոբլեմները մոռացած...Չգիտեմ, անկեղծորեն՝ չգիտեմ։

-Որքա՞ն է պատերազմի վերսկսման հավանականությունը։

-Քանի դեռ շատ է խոսվում պատերազմի մասին՝ ներքուստ հանգիստ եմ։ Ադրբեջանն այն պետությունը չէ, որ վաղօրոք հայտարարի պատերազմի մասին ու ճշտապահ լինի այս հարցում։ Պատերազմն անսպասելի է լինում։ Եթե պատերազմ լինի, ապա դուք չեք հասցնի նման հարց տալ, դուք պարզապես կիմանաք այս մասին։ Առիթ ունեցել եմ ասելու, որ պատերազմի սպառնալիքն Ադրբեջանն օգտագործում է որպես բանակցային գործընթացի վրա ներազդելու միջոց և փոխզիջման փուլին հասնելու պարագայում իր «խաղաղասիրությունը» որպես փոխզիջում ու «մուննաթ» օգտագործելու համար։ Հավանաբար, նման մոտեցումը արդյունք տալիս է, եթե հրատապ է այդ հռետորությունը։ Ուրեմն՝ Ադրբեջանն այսօր պատերազմում է բանակցային գործընթացում։ Ուրեմն՝ մենք էլ պիտի այնտեղ պատերազմենք։

-Ինչո՞վ կբացատրեիք ԼՂՀ իշխանությունների պասիվությունը։

-Բանակցային գործընթացին չմասնակցելու հանգամանքով, մի բան, որի առաջին մեղավորը հենց ԼՂՀ իշխանությունն է։ Իսկ ավելի խոր իմաստով. նրանով, որ ղարաբաղյան գործոնը հայերս մեր իսկ ձեռքով չեզոքացրել ենք։

-Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին ինչպիսի՞ն են հասարակության տրամադրություններն Արցախում։

-Արցախն այսօր քաղաքականացված չէ, արցախյան հանրությունն էլ զբաղված է իր ամենօրյա հոգսերով։ Ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվելու ժամանակ ու հավես չունեն մարդիկ։ Մարդիկ «ավելի կարևոր» գործերով են զբաղված՝ քաղաքական գործիչները զբաղված են առաջիկա խորհրդարանական ընտրություններով, ընտրողներն էլ՝ իրեինց ընտանիքի, շրջապատի, թաղի համար ապագա պատգամավորներից «ինչ-որ բան պոկելու» հարցերով։ Չկա այս ամենի՝ ընտանիքի, շրջապատի, թաղի ամբողջական ընկալում, երկրի ընկալում։ Առիթ ունեցել եմ փաստելու ողբերգազավեշտային մի իրողություն, այն, որ Ղարաբաղում ղարաբաղյան հիմնախնդիրը հրատապ չէ։

Զրույցը վարեց՝ Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը