Լրահոս

24.03.2019 23:09


Սպիտակի Շենավան գյուղում հնչած կրակոցների պատճառը եղել է գյուղապետի ընտրությունը

Սպիտակի Շենավան գյուղում հնչած կրակոցների պատճառը եղել է գյուղապետի ընտրությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներչով հարուցված քրեական գործի շրջանակում պարզել են մարտի 23-ին, Շենավան գյուղում կրակոցներ արձակողների և վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ, 53-ամյա Հայկ Դունամալյանը՝ «գլխի շրջանի հրազենային վնասվածք հարցականով, գլխուղեղի արյունազեղում հարցականով» ախտորոշմամբ, 22-ամյա Արմեն Դունամալյանը՝ «աջ դաստակի հրազենային թափանցող վնասվածք ախտորոշմամբ» և 31-ամյա Իշխան Դունամալյանը՝ «ձախ թիակի հրազենային վնասվածք, գլխի ծոծրակի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ:

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված վիրավորների և համագյուղացիներ, 27-ամյա Հովհաննես Միրզոյանի, 21-ամյա Վալենտին Միրզոյանի, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանի, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև: Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Վ. Ա. Միրզոյաններին, Մ. Մխիթարյանին, Ա. Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: Կան նաև տեղեկություններ, որ նշված միջադեպին այլ անձինք նույնպես մասնակցություն են ունեցել, որոնց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ Լոռու մարզի ոստիկանները նույնպես ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները մինչև լուսաբաց կատարել են հսկայածավալ օպերատիվ- հետախուզական և քննչական միջոցառումներ, որի արդյունքում լսել են նաև Հայկ Դունամալյանի եղբորը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել իր եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին՝ պատճառելով վնասվածք, որից հետո Ա. Կարապետյանը նույն ատրճանակից կրակել է Հայկ Դունամալյանի գլխին, ով ստացել է հրազենային վնասվածք: Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է, գնդակն իրեն չի դիպել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, իսկ նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն:

Գ. Շամշյանի տեղեկություններվ՝ Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են Դ. Տոնոյանի մատնանշած անձանց Ա.Կ. և Վ. Դունամալյաններին, ովքեր այնուհետև բաց են թողնվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Մի քանի գյուղացիներ էլ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ֆոտոլրագրողին ասել էին, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն ասում էին, նաև, որ դա պատրվակ է եղել, հիմնական պատճառը եղել է գյուղապետի ընտրությունները ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու:

Այս խորագրի վերջին նյութերը