Լրահոս

09.12.2010 15:51


Ոչի՞նչ, եթե ՀՀ–ի նման ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրում 420 հղի կին է տուժում

Ոչի՞նչ, եթե ՀՀ–ի նման ժողովրդագրական խնդիրներ ունեցող երկրում 420  հղի կին է տուժում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  են կատարվել, որին դեմ են դուրս եկել աշխատող հղի կանայք։ Բանն այն է, որ ըստ օրենքում կատարվող փոփոխությունների՝ հղի կանայք հունվարի 1-ից ժամանակավորապես անաշխատունակության արձակուրդի ընթացքում ստանալու են միայն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով փոխհատուցում, ինչը կազմելու է 162 500 դրամ։ Իսկ այսօրվա օրենքով այդ փոխհատուցումը տրվում է ամսական ամբողջ աշխատավարձի չափով՝ 140 օրվա համար։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ «Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Հակոբ Հակոբյանը հայտնել է, թե քննարկումները ցույց են տվել, որ այս օրենքը պետք է դառնա միջանկյալ, և վերջնական տեսքի բերելուց հետո փետրվարին նոր կմտնի շրջանառության մեջ։

-Բոլոր այն մարդիկ ովքեր դժգոհ են եղած երևույթներից, կոչ եմ անում հենց վաղվանից հանձնաժողովի հետ համատեղ աշխատել՝ լավ օրենք ունենալու և ժողովրդին երկար ծառայելու համար,-նշել է նա։

Ըստ Հակոբ Հակոբյանի՝ օրենքը չի կարող  բոլորի համար լավ լինել, և կանանց ընդամնեը 3%-ն է տուժելու՝ շուրջ 140 000 հղի կանանցից 420-ը։

-Ուղղակի հարցը քաղաքական է ձևակերպվում,-նշել է նա։

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն է ասել է՝ կապ չունի, թե քանի հոգի է տուժում՝ մե՞կ, թե՞ հազար։

-Փաստն այն է,  որ կա օրենք՝ սահմանափակող օրենք, որ այն անձինք, այն կանայք, ովքեր այս օրենքի դաշտում են հայտնվել, շատ ծանր վիճակում են, և մեր խնդիրն է այդ մարդկանց իրավունքները, որպես իրավական սոցիալական  պետության ԱԺ պատգամավորներ, պաշտպանել,-ընդգծել  է նա։

Ընդգծենք, որ տարբեր հիմնարկներում աշխատող հղի կանայք ՀՀ կառավարության շենքի առջև այսօր բողոքի գործողություն էին կազմակերպել՝ «Ես ցանկանում եմ ծնվել և ապրել Հայաստանում, իսկ ՀՀ կառավարությո՞ւնը», «Ես ունեմ Հայաստանում ծնվելու և ապրելու իրավունք» բովանդակությամբ պաստառներով  և երեխաների նկարներ պարզած։ Նրանք կառավարությունից պահանջում էին «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ չկատարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը