Աշխարհ

22.03.2019 21:16


Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Թուրքիան խստորեն դատապարտել է Թրամփի իսրայելամետ հայտարարությունը

Թուրքիան խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի՝ «Twitter»-ում կատարած գրառումն այն մասին, որ անհրաժեշտ է ճանաչել Գոլանի բարձունքներում Իսրայելի իշխանությունը։

«52 տարի անց եկել է ժամանակը, որ ԱՄՆ-ը լիարժեք ճանաչի Իսրայելի իշխանությունը Գոլանի բարձրունքներում: Դրանք չափազանց կարևոր ստրատեգիական նշանակություն ունեն Իսրայելի անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման համար»։


Սպիտակ տան ղեկավարի վերոնշյալ գրառմանն անդրադարձել են Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Քալընը, մասնավորապես, ասել է, որ այդ հայտարարությամբ ամերիկյան ղեկավարությունը, փաստորեն, աջակցում է Իսրայելի «զավթողական» քաղաքականությանը: Ըստ նրա՝ Թրամփն իր այդ հայտարարությամբ ավելի է խորացնելու արաբա-իսրայելական հակամարտությունը:

Իսկ Չավուշօղլուն «Twitter»-ում այդ կապակցությամբ գրառել է.

«Տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է։ Միջազգային իրավունքներին հակասող Իսրայելի գործողություններն օրինականացնելու ԱՄՆ-ի ջանքերը կհանգեցնեն բռնության աճին տարածաշրջանում: Թուրքիան պաշտպանում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»։

Հետաքրքրական է, որ Թրամփը նման հայտարարություն է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ։

Հիշեցնենք, որ Գոլանի բարձունքները խնդրահարույց տարածք է Սիրիայի և Իսրայելի միջև։ Դրանց մեծ մասը 1967թ. արաբաիսրայելական պատերազմից հետո վերահսկվում է Իսրայելի կողմից։ Ինչպես Իսրայելը, այնպես էլ Սիրիան Գոլանի բարձունքները համարում են իրենց տարածքային միավորը:

Այս խորագրի վերջին նյութերը