Հարցազրույց

15.03.2019 13:52


Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

Այս պայմաններում ԼՂ հակամարտությունը չի կարգավորվելու․ վերլուծաբան

«168 Ժամ»-ը գրում է․ «Այն, ինչ ներկայացրին համանախագահները՝ որպես կարգավորման հիմք, երկու կողմերին բավարարող լուծում չի ենթադրում»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հայտարարությանը և Մադրիդյան սկզբունքները հստակեցնելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին:

Ալեքսեյ Մալաշենկոյի խոսքով՝ այն, որ ներկայումս նման հայտարարություն է տարածվել, և դրանում առավել ադրբեջանամետ լուծում է ենթադրվում, հայաստանյան դիվանագիտության խնդիրն է, քանի որ այս ուղղությամբ պետք է լրջորեն աշխատել:

Ըստ նրա, այն, ինչ ներկայացրին համանախագահները, որպես կարգավորման հիմք՝ երկու կողմերին այնքան էլ բավարարող լուծում չի ենթադրում, քանի որ նշանակում է՝ տարածքների վերադարձ և անորոշ կարգավիճակ Ղարաբաղի համար, ինչը նշանակում է, որ սրանով հակամարտությունը չի կարգավորվելու, այլ կողմերից մեկը շահելու է դիվանագիտական տեսանկյունից, մյուս` ընդհակառակը:

«Ուստի պետք է նոր որակի աշխատանք տանել: Դրանցից մեկն է Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելը, Ղարաբաղում, ինչպես երևում է, դեմ են սկզբունքների այս տեսքին և ակնկալում են նոր փաթեթ կամ Մադրիդյան սկզբունքների վերանայում: Ուստի, ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր ոչ այնքան սկզբունքների հստակեցում, որքան վերանայում և բանակցություններին Արցախի մասնակցություն»,-ասաց Մալաշենկոն:

Նա նշեց, որ դատելով ՄԽ համանախագահների արձագանքներից և Ստեփանակերտում տեղի ունեցած նիստից հետո տարածված տեքստերից, բանակցությունները կամ հանդիպումները կշարունակվեն նախկին ձևաչափով:

«Բայց Հայաստանն ամենայն հավանականությամբ կարգավորման փաթեթ չի քննարկի, ինչպես պնդեցին ՀՀ իշխանությունները: Հենց այդ պատճառով էլ հռետորաբանություն է վերադարձել ապրիլյան պատերազմին հաջորդած պայմանավորվածությունների կատարման հարցը: Կարծում եմ, չնայած համանախագահների` օրակարգ հստակեցնող հայտարարությանը, հայկական կողմը բարձրացնելու է այս պայմանավորվածությունների և Արցախի մասնակցության հարցը:

Կարծում եմ` երկար ժամանակ համանախագահները չեն կարողանա մնալ այս դիրքորոշման մեջ, քանի որ չեն կարող կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ՝ նրանց նկատմամբ ճնշումներ բանեցնելով: Սա այդ ձևաչափը չէ, ուստի ժամանակ է հարկավոր Արցախին բանակցային սեղան բերելու համար, որից հետո Արցախը շատ ավելի առարկայական քննարկումներ կկարողանա անցկացնել»,-ասաց Մալաշենկոն:

Խոսելով Արցախի ԱԳ նախարարի պնդումների մասին, թե Արցախը նոր առաջարկների է սպասում համանախագահներից, Մալաշենկոն ասաց, որ դա նշանակում է, որ այդ սկզբունքներն անընդունելի են Երևանի և Ստեփանակերտի համար, սակայն այդ մասին խոսում է Ստեփանակերտը, և ոչ Երևանը՝ բանակցային գործընթացի դուռը լիովին չփակելու համար:

«Այս պայմաններում համանախագահները կհասկանան, որ բանակցությունները՝ ինչպես նախկինում, այսօր էլ չեն կարող տեղից շարժվել, ուստի որոշ ժամանակ անց պետք է վերադառնան Արցախի մասնակցության հարցին»,-ասաց նա»։

Այս խորագրի վերջին նյութերը