Լրահոս

17.11.2010 16:13


Արգենտինայում որոշում է կայացվել միանալ ապրիլի 24-ը «Հանդուրժողականության և ժողովուրդների միջեւ հարգանքի օր» հռչակելու մասին օրենքին

Նոյեմբերի 15-ին Բուենոս Այրես նահանգի Կիլմես քաղաքի ավագանին որոշում կայացրեց միանալ 2006թ. դեկտեմբերի 13-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի կողմից ընդունված թիվ 26.199 օրենքին, որով ապրիլի 24-ը' ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հռչակվեց «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր»:

Հանդիսավոր պայմաններում կայացած քաղաքի ավագանու հատուկ նիստի ընթացքում, որին ներկա էին Արգենտինայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայ Առաքելական եկեղեցու, Բուենոս Այրեսի հայկական կառույցների ու Կիլմեսում բնակվող մոտ 150 հայ ընտանիքների ներկայացուցիչներ, մտավորականներ, «Խրիմյան» վարժարանի աշակերտները, լրագրողներ: Նախաձեռնության հեղինակ'ավագանու անդամ Դիեգո Բուֆֆոնին ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած հանցագործության պատճառներն ու հետեւանքները: Նա ասաց, որ «հետագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար կարեւոր են երեք հիմնական պահանջներ. հիշողություն, ճշմարտություն ու արդարադատություն եւ այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակներն է հետապնդում»:

Դիեգո Բուֆֆոնիի առաջարկությամբ ավագանին միաձայն որոշեց «միանալ թիվ 26.199 Ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը հռչակում է հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր'ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»:

Սույն որոշման 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն, Կիլմեսում բնակվող ազգությամբ հայ պետական պաշտոնյաները եւ մունիցիպալ դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին «ազատ են արձակվում ցեղասպանության հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար»:

Ավագանու հատուկ նիստի ընթացքում ելույթ ունեցան Բուենոս Այրեսի «Հայ ազգային խորհրդի» քարտուղար էդուարդո Կոզանլյանը, Կիլմեսի ավագանու նախագահ Խոսե Միգլիաչիոն եւ Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:

Այնուհետեւ դեսպան Կարմիրշալյանը եւ նրան ուղեկցող հայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Կիլմեսի քաղաքապետ Ֆրանսիսկո Գուտիեռեսի հետ: ՀՀ դեսպանն ու քաղաքապետը քննարկեցին Կիլմեսի եւ հայաստանյան քաղաքներից մեկի միջեւ «եղբայրական» հարաբերությունների հաստատման հնարավորությունները:

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանի եւ ավագանու հատուկ նիստի մասնակիցների պատվին քաղաքապետը կազմակերպեց ընդունելություն:

Այս խորագրի վերջին նյութերը