Աշխարհ

12.03.2019 20:04


Թուրք բարձրաստիճան պաշտոնյան քրդերեն գրառում է արել «Twitter»-ում

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան քրդերեն գրառում է արել «Twitter»-ում

Թուրքիայի նախագահական պալատի տեղեկատվության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում տեսանյութ է տեղադրել՝ դրան կցելով քրդերեն գրություն:

«Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախընտրական հանրահավաքին մասնակցելու համար նախագահ Էրդողանի հետ ուղղաթիռով Թուրքիայի Հաքքարի քրդաբնակ նահանգ մեկնած Ալթունը վերևից նկարահանել է նահանգի լեռները: Կից քրդերեն գրության մեջ Ալթունը նախ նշել է, «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (PKK-ՔԲԿ) «ահաբեկչական կազմակերպություն է, մահափորձ է կատարում քրդերի ու թուրքերի եղբայրության վրա»:

Ապա Թուրքիայի նախագահականի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենք հենց սարերում արմատախիլ են անում ՔԲԿ-ն ու քրդերի հետ խաղաղ, ապահով և միասնական ապրելու են նույն երկնքի ու նույն դրոշի տակ:

ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում անցկացվելու են մարտի 31-ին:

Նշենք, որ այժմ Թուրքիայի տարածքում գործնականում հնարավոր չէ քրդերենով կրթություն ստանալ՝ քրդական դպրոցների արգելված լինելու պատճառով: Տարբեր տվյալներով՝ 18-22 միլիոնի հասնող քուրդ ազգային փոքրամասնության երեխաները թուրքերենով են կրթություն ստանում, իսկ գրավոր քրդերենը սովորում են կամ տներում կամ որոշ դպրոցներում առկա քրդերենի սակավաթիվ դասաժամերի ընթացքում:

Այս խորագրի վերջին նյութերը