Աշխարհ

06.03.2019 20:20


Ստամբուլի քաղաքապետի թեկնածու. «Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել»

Ստամբուլի քաղաքապետի թեկնածու. «Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել»

Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հեռարձակվող հայկական «Լույս» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի հյուրը եղել է մեջլիսի նախկին նախագահ, Ստամբուլի քաղաքապետի թեկնածու առաջադրված Բինալի Յըլդըրըմը:

Նա անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքին և վերջինիս պատկանող գույքի հարցերին:

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում ասել է հետևյալը.

«Մեր աչքերի, մազերի, մաշկի գույնը տարբեր է, բայց մեր աչքերից հոսող արցունքի գույնը միշտ նույնն է: Այս սկզբունքով պետք է եղբայրաբար ապրենք: Ստամբուլի համար ինչ որոշում էլ ընդունենք, միասին ենք ընդունելու»:

Յըլդըրըմի պնդմամբ` «ԱԶԿ»-ի իշխանությունը համայնքային 167 հիմնադրամներին պատկանող 1029 կառույց է վերադարձրել, սեփականության վկայական տրամադրել և հավելել, թե առաջիկայում նույնպես կշարունակեն նման վարքագիծը:

Քաղաքապետի թեկնածուն նշել է, որ Ստամբուլում ազգային և կրոնական փոքրամասնություններին պատկանող 65 գերեզման կա, որից 16-ը հայկական է:

Մեջլիսի նախկին նախագահի խոսքով` որոշ ժամանակ, երբ բնակվել է Ստամբուլի Քուրթուլուշ շրջանում, իր հարևանը հայ է եղել, և որևէ տեսակ անհարմարություն չի նկատել նրանց կողմից:

«Մեր հայ հարևանի հետ մեկ ընտանիքի պես ենք ապրել»,-ասել է Յըլդըրըմը:

Յըլդըրըմը կրկնել է նախագահ Էրդողանի հնչեցրած, բայց չփաստարկված այն տեղեկությունը, թե Թուրքիայում այժմ բնակվում է Հայաստանից արտագաղթած 100.000 հայ:

Այս խորագրի վերջին նյութերը