Լրահոս

09.12.2010 14:04


Արմեն Ռուստամյան. «Իշխանությունների հեռացումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար»

Արմեն Ռուստամյան. «Իշխանությունների հեռացումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար»

Դեկտեմբերի 9-ին "Golden Palace" հյուրանոցում տեղի է ունեցել ՀՅ Դաշնակցության կազմակերպած «Ժողովրդավարության և պետականաշինության մարտահրավերները Հայաստանում» մեկօրյա միջազգային խորհրդաժողովը:

Խորհրդաժողովին մասնակցել և ելույթ են ունեցել Ավստրիայի նախկին վարչապետ Ալֆրեդ Գուզենբաուերը, Հունաստանի խորհրդարանի անդամ Պանդելիս Իկոնոմուն, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ռեյնհոլդ Էքհարդթը: Զեկույցներ են ներկայացրել ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ ՄԻՊ Արմեն հարությունյանը:

Բացման խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը, մասնավորապես նշել է, որ Հայաստանում ժողովրդավարության հիմքերի խաթարման երկու պատճառ կա: Առաջինն, ըստ նրա, այն է, որ Հայաստանում անցկացված ընտրությունները երբեք ժողովրդավարական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան չեն եղել, իսկ մյուս պատճառն այն է, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ չեն իրականացվել: Արդյունքում Հայաստանում ձևավորվել է ոչ թե ժողովրդի իշխանության համակարգը, այլ պլուտոկրատիան' հարուստների իշխանությունը: Այս ամենը բերում է մի իրավիճակի, երբ իշխանությունը, իշխանական կուսակցությունը և պետությունը նույնացվում են, դրա համար էլ իշխանության և հասարակության միջև ճեղք է գոյացել:

Իրավիճակը հնարավոր է շտկել միայն իշխանափոխության և նոր որակի իշխանության ձևավորման միջոցով.

-Այս բովանդակությամբ իշխանափոխության համար գործող իշխանությունների հեռացումն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Միայն հեռացումով բավարարվող իշխանափոխությունը մարդափոխություն է, մինչդեռ Հայաստանին անհրաժեշտ է իշխանական համակարգի կտրուկ և արմատակաան փոփոխություն՝  նոր որակ ապահովելու համար,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը