Աշխարհ

28.02.2019 17:14


«Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը հայտնի է և փոփոխության ենթակա չէ»․ Հաջիև

«Ղարաբաղյան բանակցությունների ձևաչափը հայտնի է և փոփոխության ենթակա չէ»․ Հաջիև

Պաշտոնական Բաքուն հակադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարություններին, որ Երևանն ամեն կերպ հասնելու է բանակցային գործընթացում Ղարաբաղի ներգրավմանը:

«Բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ այս ամենի ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա:

«Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում Հաջիևը նշել է՝ բանակցային ձևաչափը հայտնի է, դրա փոփոխությունը չի եղել և չի կարող լինել քննարկման առարկա: Ադրբեջանցի պաշտոնյան նաև պնդել է՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած շփումները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումները գործող ձևաչափի ամենավառ վկայությունն են:

Այս ամիս Ազգային ժողովում ներկայացնելով իր կառավարության ծրագիրը՝ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր․ «Բանակցային գործընթացում մեր կարևորագույն խնդիրներից և բանակցային շփումների մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում: <...> Ես տեսնում եմ շատ կոնկրետ և՛ ձևեր, և՛ մեթոդներ, թե ինչպես կարող է Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներգրավվել բանակցային գործընթացում, և մենք հիմա այդ ձևերի և մեթոդների քննարկման մեջ ենք, այդ թվում՝ էդ մեթոդները կքննարկենք նաև միջազգային մեր գործընկերների հետ»:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը