Լրահոս

28.02.2019 14:22


ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարություն է տարածել, որով դատապարտել է 31 տարի առաջ Սումգայիթի հայերի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ջարդերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնգրեսականը իր հայտարարության մեջ նշել է.

«Փետրվարի 27-ին և հաջորդող 3 օրերի ընթացքում ադրբեջանցիների ամբոխները հարձակվել և սպանել են հայերին: Բռնությունների արդյունքում սպանվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, կանայք և աղջիկները բռնաբարվել են, իսկ ոմանց կենդանի այրել են: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ թողնելով ունեցվածքը»:

Ադամ Շիֆը, խստորեն քննադատելով ադրբեջանական իշխանությունների ռասիստական քաղաքականությունը, նշել է, որ ջարդերը անմիջական հետևանքն էին Ադրբեջանի իշխանությունների տարիներ շարունակ իրականացրած արատավոր, ռասիստակական հակահայկական քարոզչության, որը միտված էր նվաստացնել Ադրբեջանում բնակվող հայ քաղաքացիներին՝ այդպիսով հող նախապատրաստելով զանգվածային բռնությունների համար։

«Ադրբեջանի իշխանությունները չեն ջանացել պատժել պատասխանատու անձանց, ընդհակառակը՝ մինչ օրս փորձում են կոծկել Սումգայիթի վայրագությունները՝ ժխտելով կառավարության ներգրավվածությունը սպանությունները հրահրելու գործում։ Ակնհայտ է, որ նույնիսկ մեր օրերում, Ադրբեջանում գերիշխում է հայերի և Հայաստանի դեմ ռասիստական քարոզչությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Շիֆը իր հայտարարության մեջ հիշատակել է նաև 15 տարի առաջ ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ դա որակելով որպես Հայաստանի դեմ Ադրբեջանի ատելությունն ու ագրեսիան ներկայացնող վայրագ հանցագործություն:

«Չկա ավելի դրամատիկ ցուցադրություն այն բանի, որ Ադրբեջանը շարունակում է ատելություն և ագրեսիա դրսևորել հարևան Հայաստանի նկատմամբ, քան այն, որ Ադրբեջանում տոնում են այս սառնարյուն սպանությունը», - նշել է նա՝ դատապարտելով Ռամիլ Սաֆարովի՝ Ադրբեջանին արտահանձնումը և այնտեղ վերջինիս հերոսացումը:

«Երկու ամսից Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցն է, որն ամեն կերպ հերքում է Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիան։ Մենք պետք է թույլ չտանք, որ մարդկության դեմ այս տեսակ հանցանքները մնան չճանաչված՝ անկախ նրանից, թե երբ են իրականացվել՝ 30 տարի առաջ, թե՝ 100։ Այսօր պետք է լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի վայրագություններին զոհ դարձած հայերի հիշատակը։ Մեր բարոյական պարտքն է դատապարտել ատելության հողի վրա կատարված հանցանքները և հիշել զոհերին՝ հույսով, որ պատմությունը չի կրկնվի»,- շեշտել է Շիֆը։

Ամերիկացի մեկ այլ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը հանդես է եկել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ հայտարարությամբ, որում դատապարտել է շուրջ 3 տասնամյակ առաջ Ադրբեջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված վայրագությունները:

«Ես այսօր ոգեկոչում եմ 31 տարի առաջ ադրբեջանցիների կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ամենասարսափելի հարձակումներից մեկի՝ սումգայիթյան ջարդերի հիշատակը: 1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում բնակվող հարյուրավոր հայ քաղաքացիներ սպանվել, բռնաբարվել, ստորացվել և նույնիսկ ողջակիզվել են զուտ էթնիկ պատկանելիության պատճառով: Անմեղ հայերի դեմ այս անհիմն բռնությունը հրահրվել է Ադրբեջանի քաղաքացիների և պաշտոնյաների հակահայկական, թշնամական հռետորաբանության պատճառով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Փալոնը:

Ամերիկացի կոնգրեսականը իր հայտարարության մեջ շեշտել է, որ ավելի քան երեք տասնամյակ է, ինչ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում մարդկության դեմ այդ հանցագործությունները կոծկելու և Սումգայիթում տեղի ունեցած վայրագությունները քողարկելու համար: Կոնգրեսականը առավել անհանգստացնող է համարել այն հանգամանքը, որ այս դեպքերի և նման այլ վայրագությունների մեղավորներն Ադրբեջանի կառավարության կողմից հռչակվել են ազգային հերոսներ:

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ճանաչի եւ դատապարտի քաղաքացիական անձանց դեմ այս հարձակումները: Դրա համար էլ ես շարունակում եմ կանգնել հայ ժողովրդի կողքին` դատապարտելով այս սարսափելի կոտորածը: Ցավոք, Սումգայիթի ջարդերից մինչ այսօր ադրբեջանական կառավարության մոտեցումը հայ ժողովրդի նկատմամբ շատ չի փոխվել: Մենք դեռ լսում ենք նույն կոշտ հռետորաբանությունը և ականատես ենք Արցախի Հանրապետության ժողովրդին ահաբեկելու մարտավարությանը:
Եթե մենք չենք դատապարտում մարդկության դեմ հանցագործությունները և թույլ ենք տալիս, որ դրանք մնան անպատիժ ու չճանաչված, ապա դրանով մենք միայն հզորացնում ենք նրանց, ովքեր ձգտում են ապագայում ևս այս հանցագործությունները կրկնել: Հատկապես կարևոր է ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի նախաշեմին:

Ես կշարունակեմ աշխատել «Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախմբի» իմ գործընկերների հետ՝ սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելու և դատապարտելու բռնության բոլոր գործողությունները այն մարդկանց հանդեպ, որոնք թիրախավորվել են զուտ իրենց գոյության պատճառով: Հուսով եմ, որ իմ գործընկերները կմիանան ինձ, որպեսզի մերժենք կոշտ հռետորաբանությունն ու ահաբեկումը և վերահաստատենք համընդհանուր խաղաղության հասնելու մեր հանձնառությունը», - ասվում է կոնգրեսական Ֆրենկ Փալոնի հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը