Տնտեսական

19.03.2010 17:51


Մենք դրսի կառույցների համար փորձադա՞շտ ենք

Մենք դրսի կառույցների համար փորձադա՞շտ ենք

ՍԴՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը. զարգացումներ և հեռանկար» թեմայով  քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ասել է, թե քանի որ Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է երկու հիմնական գործոնով՝տրանսֆերտներ և հանքահումքային արտադրատեսակների արտահանում, օբյեկտիվ է, որ համաշխարհային ճգնաժամն ուղիղ ազդեցություն պիտի ունենար Հայաստանի տնտեսության վրա։

-Բայց կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնցից մեկը կառավարման ոլորտի խնդիրն է։ Ակնհայտ  խորքային պատճառը մեր տնտեսության, մեղմ ասած, ոչ մրցակցային վիճակն է, ոչ համարժեք տնտեսական կառուցվածք ունենալը, որը պետք է ապահովեր ճգնաժամային պայմաններում համարժեք դիմադրողականություն,-ասել է նա։

Նա նաև նշել է, թե ՀՀ բոլոր կառավարությունները՝ որպես ցուցումները, խորհուրդները կամ առաջարկները լավագույնս կատարած, միջազգային կառույցների կողմից միշտ բարձր գնահատական են ստացել։

-Հայաստանին մշտապես խորհուրդներ տվող համաշխարհային կառույցները (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ մեր կառավարության ջանքերը դրական են գնահատել, թեպետ ԱՊՀ-ում ՀՆԱ ամենամեծ անկումներից մեկը մեր երկիրն է գրանցել: Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Հայաստանն ապրում է տնտեսական մի ճգնաժամ, որն ամենախայտառակ ցուցանիշներն է գրանցում։ Պատասխանը զարմանալի է, առանձին դեպքում՝ նույնիսկ զավեշտալի. այդ ցուցումներն ու խորհուրդները եթե չկատարեր, ավելի վատ կլիներ,-ասել է Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ մենք իսկապես դրսի կառույցների համար փորձադաշտ ենք, և որ  միջազգային այս կառույցների մոտ մեր տնտեսությունը չի դիտարկվում այնպիսին, որն ունակ է մրցակցային հարաբերությունների մեջ մտնել տարածաշրջանի և այլ երկրների հետ:

-Մենք դիտվում ենք այս տարածաշրջանում այս կազմակերպությունների համար որպես ծառայություն մատուցող երկիր,-հավելել է ԱԺ պատգամավորը։

Արծվիկ Մինասյանը ցավ է հայտնել, որ փորձագիտական վերլուծությունները ցույց են տալիս, որ ճգնաժամի պատճառով աղքատությունը Հայաստանում աճել է։

-Եթե հիմքում կենսաթոշակային նվազագույն բյուջեն դնենք 49 000, ապա հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի աղքատությունը մոտենու մ է 50%-ի։ Սա սարսափելի ցուցանիշ է. այսպիսի ցուցանիշ չի դիտվել 1998-ից հետո։ Որովհետև 1998թ. վերջին, միջազգային հետազոտության ցուցանիշի համապատասխան, ՀՀ-ում աղքատությունն 84% էր։ Հիմա եթե համեմատելու լինենք, ձգտում ենք այդ ցուցանիշին, նույնիսկ այն անցնելու վտանգ կա,-նշել է նա։

Ա. Մինասյանը կարծում է, որ ելքը խնդրին սոցիալիստական մոտեցումներով լուծում տալն է։

-Մինչև այսօր ոչ միայն ազատականության գաղափարախոսությունն է խեղաթյուրվել, այլ նաև այդ գաղափարախոսությունը չի ընկալվել իր իրական իմաստով։ Հաճախ ազատականությունը շփոթել են անսահման լիազորություններ ունենալու հետ։ Պետք է ստեղծել մրցակցային դաշտ, պայքարել մենաշնորհների դեմ...։ Մինչև այս ամենը չապահովվի, մենք չենք կարող դուրս գալ տնտեսական այս վիճակից,-նշել է Արծվիկ Մինասյանը։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը