Լրահոս

09.12.2010 12:23


Վարչապետն անդրադարձել է Արդարադատության նախարարի պաշտոնանկությանը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը  կառավարության նիստում իր ներածական խոսքում անդրադարձել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի աշխատանքից ազատվելու փաստին։

-Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը' իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով։ Մենք պետք է մեծ կարևորություն տանք բոլոր գերատեսչություններում էթիկայի կանոնների պահպանմանը և պաշտոնատար անձանց պահվածքին։ Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում։ Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել նրան իր պահվածքի համար։ Ցավոք, նախարարը այս հանձնարարականը չի կատարել, և կարծում եմ, դա անթույլատրելի է։ Կհամաձայնեք,  որ պաշտոնատար անձանց պահվածքը, մանավանդ ենթակաների հետ, ունի էական նշանակություն։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրն ունենա զարգացման այնպիսի ընթացք, որը ներառված է կառավարության ծրագրերի մեջ՝ մեզնից յուրաքանչյուրի պահվածքից շատ բան է կախված։ Մենք պետք է խստապահանջ լինենք մեր ենթակաների նկատմամբ' անթույլատրելի համարելով այնպիսի պահվածքը, որն ուղղակի խաթարում է հանրության վստահությունը մեր նկատմամբ։ Այսուհետ էլ այդ առումով լինելու ենք շատ խստապահանջ,-ասել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը