Հարցազրույց

18.02.2019 21:42


Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, Փաշինյանի ու իր թիմի առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

«Խնդիրն այն է, որ կառավարության ծրագրից շատ բան պետք չէր պահանջել, որովհետև այս կառավարությունը չունի առաքելություն։ Այս կառավարության առաքելությունն ավարտվել է մինչև դրա ձևավորումը։ Խոսքը 2018թ․ ապրիլի 23-ի մասին է, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, Փաշինյանը և իր թիմակիցների առաքելությունն ավարտվեց, որովհետև նրանք այլ բան չէին խոստանում, և այս ծրագիրն էլ այն մասին էր, որ նրանք հասարակությանը ոչինչ չունեն տալու. եթե ուզում եք լավ ապրել, գնացեք և ձեր մտածողությունը փոխեք»,-նշեց Անդրանիկ Թևանյանը։

Ըստ նրա՝ նոր կառավարությունը ծրագիրը ներկայացրել է ստիպված, քանի որ Սահմանադրությունն է այդպես նախատեսում․ «Իրենք ստիպված ներկայացրել են, թե չէ չէին ներկայացնի»։

Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում մասնավոր սեփականությունը վտանգված է՝ տարբեր անունների և պոպուլիստական լոզունգների ներքո։

«Գույքի բռնագանձումը և այսպես կոչված անցումային արդարադատությունը, երբ միացվի, դա կլինի մոտավորապես պանդորայի արկղը բացելու պես մի բան, որը հետագայում կարող է օգտագործվել առավելապես քաղաքական հետապնդումների, տնտեսական դաշտը վերաձևելու նպատակով։ Տնտեսական հեղափոխություն կոչվածի պարագայում ներդրումները չեն կարող հոսել, հատկապես, որ իշխանությունները խոսում են անցումային արդարադատության, առանց դատական համակարգի միջոցով գույքի բռնագանձման մասին, իսկ դա բավական վտանգավոր է և որևէ ներդրող այստեղ չի գա, ներդրում չի գա»,-ասաց նա։

Տնտեսագետը կառավարությանը խորհուրդ է տալիս շատ չշրջանառել «տնտեսական հեղափոխություն» ձևակերպումը, քանի որ ի տարբերություն քաղաքական փոփոխությունների՝ տնտեսականի դեպքում մարդիկ շատ արագ չեն տեսնելու արդյունքները։

«Տնտեսություն, հեղափոխություն, ներդրումներ և տնտեսական աճ բառերը մեկ նախադասության մեջ դրական նշանով օգտագործելը բավական բարդ է։ Երբ խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, մարդիկ մտածում են, որ դա մի բրենդ է, պետք է օգտագործել արագ փոփոխությունների համար։ Հիմա մարդիկ սպասելու են արդյունքներ տնտեսության մեջ և բնականաբար, քանի որ այդպիսի արագությամբ չեն լինելու արդյունքները կամ ընդհանրապես չեն լինելու որևէ դրական արդյունքներ, առաջանալու է հիասթափություն»,-նկատեց նա։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ՀԴՄ կտրոնի միջոցով տնտեսական հեղափոխությունը իրականացնելը մի քիչ ֆոլկլոր, մի քիչ էլ թատերականացված բնույթ է կրում․ «Խոշոր բիզնեսի դաշտում անհրաժեշտ է, որ փաստաթղթաշրջանառությունն ապահովվի, որից հետո մենք իջնենք դեպի ՀԴՄ՝ կրպակներ, փոքր խանութներ։ Այդ դեպքում կարող ենք խոսել, որ իսկապես ստվերային տնտեսության դեմ պայքար է մղվում, բայց ձուկը գլխից հոտած լինելու պարագայում, երբ սկսում ենք պոչից քերթել, մենք տնտեսության մեջ հակառակ էֆեկտն ենք ստանում»։

Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի նախագծին, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը նշեց, որ համահարթ եկամտահարկի մոդելին անցնելով հիմնական հարկային բեռն ընկնելու է շարքային սպառողների վրա։ Ըստ նրա՝ ուղղակի հարկերը պետք է պրոգրեսիվ ձևով հարկել, ոչ թե համահարթ։

«Մենք ուղղակի հարկերի իջեցում ենք նախատեսում, և հարկային եկամուտները պետք է ապահովվեն առավելապես անուղղակի հարկերի միջոցով։ Մենք մոտավորապես տարեկան 50-60 մլն դոլար հարկային եկամուտ կկորցնենք եկամտահարկի համահարթեցման արդյունքում։ Եթե կառավարությունը որոշել է, որ լրացուցիչ 50-60 մլն պետք է թողնի ֆիզիկական անձանց մոտ, ովքեր ունեն բարձր եկամուտներ, իրենք ինչ վարքագիծ են դրսևորելու։ Այսինքն, այդ տնտեսված 50-60 մլն դոլարը մտնելու է տնտեսության մեջ, թե՞ հոսելու է դուրս։ Հաշվարկ և վերլուծություն չկա, թե ինչու ենք մենք թողնում, որ այս մարդիկ շատ եկամուտներ տնօրինեն»,-ասաց նա։

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է 2018 թվականի հունվար-դեկտեմբերի արդյունքներով 1000 խոշոր հարկատուների ցանկը:

Տասնյակում բավականին շատ փոփոխություններ էին եղել, ուշագրավ էր, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» ընկերությունը նախորդ տարվա համեմատ 24.6 % պակաս է հարկ վճարել:

Վերջին փոփոխության վերաբերյալ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ տարբեր եզրակացություններ և ենթադրություններ կարող ենք անել, որը կառավարության գործունեության հետևանքով է․ կառավարությունը գերգաղտնի պայմաններում է գործում, որևէ հաշվետվողականության մեխանիզմ չի ներկայացնում։

«ԱԺ ամբիոնից հայտարարվեց, որ մենք տարբեր մարդկանցից, շրջանակներից գումարներ ներգրավելու պրակտիկա ունենք, համաձայն որի՝ այդ գումարները շրջանցելու են պետբյուջեն և գնալու են բանակի կարիքները հոգալու համար։ Ոչ մի թիվ չնշվեց, չնշվեցին տնտեսվարող սուբյեկտները կամ նախկին պաշտոնյաները, որոնցից գումարներ են բռնագանձել։ Բնական է, որ այդ տիպի քաղաքականությունը, եթե շրջանցում է դատաիրավական համակարգը, ապա դա դառնում է հեղափոխական լոզունգների տակ պետական մակարդակով իրականացված ռեկետ։ Կարող ենք ողջամիտ կասկած հայտնել, թե այս կամ այն բիզնեսմենը, երբ վճարել է գումար, որը բարի նպատակներով ուղղվել է բանակին, արդյոք բիզնեսմենն այլ ուղղությա՞մբ էլ վճարներ չի կատարել կամ բանակին գնացե՞լ են այդ գումարները, թե՞ ոչ»,-ասաց տնտեսագետը։

Այս խորագրի վերջին նյութերը