Տնտեսական

18.03.2010 18:15


Տիգրան Կարապետյան. «Կառավարության հրաժարականի պահանջարկ միշտ էլ կա»

Տիգրան Կարապետյան. «Կառավարության հրաժարականի պահանջարկ միշտ էլ կա»

Վերջին շրջանում ակտիվացել են կառավարությանն ուղղված մեղադրանքները և կարծիքները, որ նա ձախողել է ՀՀ տնտեսական քաղաքականությունը։ Վերոնշյալ դիտարկումներին անդրադառնալով՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «7օր»-ին ասել է.

-Ես չեմ կարող ասել, որ նրանք միտումնավոր են սխալ քաղաքականություն վարում, համենայնդեպս, այնպիսի տպավորություն է, որ նախարարները պրոֆեսիոնալ չեն։ Օրինակ՝ երեկ գյուղնախարարի ելույթը, երբ նա ասում էր, որ ամեն ինչ լավ է, սերմ են տվել, գյուղացիները ցանում են (այն ժամանակ, երբ բնակչությունը դույլը ձեռքին կարտոֆիլ է ցանում)։ Սա ո՞ր դարն է։ Ամոթ է, ուրեմն մեր կառավարությունը, որ միլիարդատերեր են դարձել, չի՞ կարող կարտոֆիլ  ցանող մեկ մեքենա գնել։ Կամ չեն ուզում, կամ չեն հասկանում։

Տիգրան Կարապետյանը նշել է նաև, որ այն միլիոններից, որ հակաճգնաժամային քաղաքականության իրականացման համար վերցրել էր կառավարությունը, ոչ ոք վարկ չի ստացել, իսկ եթե ստացել է, ապա խոշոր բիզնեսը, քանի որ փոքր և միջին բիզնեսն այդ վարկից անգամ մի կոպեկով չեն օգտվել։

Կառավարության վարած քաղաքականությունից ինքը գոհ չէ, իսկ ինչ վերաբերում է կառավարության հրաժարականի անհրաժեշտությանը, նրա խոսքերով, հրաժարականի պահանջարկ միշտ էլ կա, քանի դեռ իրավիճակն անբավարար է.

-Իսկ պահանջատեր կա՞, փոխարինող կա՞, թե՞ շարքերը նորից համալրելու են նույնատիպ դաշտում գտնվող քաղաքական գործիչներով։ Չէ՞ որ նույն մարդիկ են պտտվում. ես չեմ տեսնում որևէ նոր դեմք,- ասել է Տիգրան Կարապետյանը և հավելել, որ դրա գագաթնակետն այն է, երբ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշում է, թե ինքը որպես նախարար առաջադրել է Արմեն Երիցյանին, որովհետև միասին սովորել են, միասին գիրք գրել և այլն. «Թեկուզ իրար հետ борщ եփեն, խնդիրն այն է, որ նախարարները պետք է լինեն պրոֆեսիոնալ հատկություններով, բանիմաց, իրենց ոլորտը սիրող։ Ոլորտից ոլորտ այդ ռևերանսները ես չեմ հասկանում։ Տպավորություն է, որ կարկատում են»։

Նման իրավիճակում, Տիգրան Կարապետյանի կարծիքով, բոլոր ոլորտներում որոշակի ճգնաժամ կլինի։ Նրա համար իրավիճակը շատ մտահոգիչ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը