Աշխարհ

14.02.2019 15:21


Թուրքիայում հերթական վանդալիզմի դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ

Թուրքիայում հերթական վանդալիզմի դրսևորումը հայկական եկեղեցու նկատմամբ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա ներկանյութերով գրառումներ են արված: «Ermenihaber.am»-ի թղթակիցը ֆոտոխցիկով ֆիքսել է եկեղեցու պատերին արված գրառումները:

Սա ոչ այլ ինչ է, քան վանդալիզմի դրսևորում քրիստոնյաների սրբավայրի և անհարգալից վերաբերմունք նրանց կրոնական զգացմունքների նկատմամբ:

Ի դեպ, սա նոր երևույթ չէ: Տարիներ առաջ եկեղեցու պատերը պղծվել էին, բայց 2018-ին կապույտ ներկով քողարկվել էին ոչ պատշաճ այդ գրառումները:

Նմանատիպ երևույթները խոսում են այն մասին, որ Թուրքիայում անտեսում են ազգային-կրոնական փոքրամասնություններին պատկանող գույքի, սրբատեղիների և վերջիններիս նկատմամբ վանդալիզմի դրսևորումները:

Այսօր պատերը նորից լի են գրառումներով` անվայել, տարաբնույթ, անհասկանալի բովանդակությամբ:

Հիշեցնենք, որ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանի Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1844թ. սուլթանական Թուրքիայի արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանի կողմից` Բարութհանեի (Վառոդարան) և Զեյթինբուրնուի դարբնոցների հայ բանվորների խնդրանքով։

Կայսերական հրամանով եկեղեցին վերանորոգվել է 1847թ., իսկ վերջին վերանորոգչական աշխատանքները կատարվել են 1999թ., որից հետո եկեղեցին վերաբացվել է Ամեն. Տ. Մեսրոպ Բ. Պատրիարքի օծմամբ:

Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում թաղված են մի շարք անձինք, ովքեր լուրջ հեղինակություն են ունեցել Օսմանյան պետության մեջ և իրենց նպաստն են ունեցել Պոլսահայ համայնքային կյանքում:

Եկեղեցու և դպրատան հիմնադիր Հովհաննես Տատյանը վախճանվել է 1869թ.։

Նշենք, որ Հովհաննես Տատյանը Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում հիմնել է Բեյքոզի թղթի գործարանը, Էյուբի տեքստիլի գործարանը, Հերեքեյի տեքստիլի գործարանը, Զեյթինբուրնուի դարբնոցը և Իզմիթի տեքստիլի գործարանը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը