Աշխարհ

14.02.2019 15:13


Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը

Սոչիում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի նախագահների հանդիպումը

Այսօր՝ փերրվարի 14-ին, Աստանայի գործընթացի շրջանակներում Սոչիում տեղի կունենա Սիրիայի հարցով Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Վլադիմիր Պուտինի ու Հասան Ռոհանիի գագաթաժողովը: Գագաթաժողովի հիմնական թեմաներն են Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման գործընթացը և սահմանադրական հանձնաժողովի հիմնումը:

Նշվում է, որ նախագահները քննարկելու են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվելիք հնարավոր գործողությունների/անվտանգության գոտու հիմնման, ինչպես նաև Մանբիջի վերահսկողության հարցը:

Սպասվում է, որ այս հանդիպմանը կլուծվի նաև Սիրիայի նոր սահմանադրությունը կազմելու նպատակով ստեղծվելիք 50–հոգանոց հանձնաժողովի անդամների անունների վերաբերյալ կողմերի ունեցած անհամաձայնությունները:

Գագաթաժողովից բացի՝ նախատեսված են նաև Ռուսաստանի նախագահի առանձին հանդիպումները Թուրքիայի և Իրանի նախագահների հետ:

Ակնկալվում է, որ 3 երաշխավոր երկրների առաջնորդները նաև ուղերձներ կհղեն առ այն, որ շարունակելու են համագործակցությունը Աստանայի գործընթացի շրջանակներում՝ ջանքեր գործադրելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման ու ահաբեկչության դեմ պայքարի գործում:

Նախագահները այս ձևաչափի շրջանակներում վերջին անգամ հանդիպել էին 2018-ի սեպտեմբերի 7-ին: Հանդիպման գլխավոր թեման եղել էր Սիրիայի Իդլիբ նահանգում լարվածության թուլացման հարցը:

Աղբյուրը` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը