Աշխարհ

14.02.2019 07:54


Այսօր աշխարհի շատ երկրներ նշում են Ս. Վալենտինի տոնը

Այսօր աշխարհի շատ երկրներ նշում են Ս. Վալենտինի տոնը

Աշխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին նշվում է Սուրբ Վալենտինի օրը կամ Սիրահարների տոնը:

Այս տոնն Արևմտյան Եվրոպայում լայնօրեն սկսել են նշել XIII դարից, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից: Տոնի «մեղավորը» քրիստոնյա քահանա Վալենտինն էր:

Հռոմեական կայսրության ղեկավար Կլավդիոս II կայսեր պատերազմող բանակը ռազմական արշավների համար զինվորների խիստ պակաս էր զգում, և կայսրը վստահ էր, որ իր «նապոլեոնական» ծրագրերի գլխավոր թշնամին ամուսնություններն են, քանի որ ամուսնացած զինվորի համար կայսրության փառքը պակաս նշանակալից էր դառնում ընտանիքից: Եվ իր զինվորների մեջ ռազմական ոգին պահպանելու համար կայսրը լեգեոներներին ամուսնանալն արգելող հրամանագիր ստորագրեց:

Սակայն այդկերպ սիրահարվող զինվորների թիվը չպակասեց։ Գտնվեց մեկը, ով, առանց կայսեր զայրույթից վախենալու, լեգեոներներին և նրանց սիրեցյալներին սկսեց թաքուն ամուսնացնել: Այդ մարդը հռոմեական Տերնի քաղաքից Վալենտին անունով քահանան էր (Valentine of Terni):

Երբ այս ամենի մասին կայսրն իմացավ, որոշեց նրա «հանցավոր գործունեությունը» դադարեցնել: Վալենտինին մահապատժի դատապարտեցին: Ամեն ինչ ավելի ողբերգական էր դառնում, քանի որ ինքը` Վալենտինն էլ բանտապանի աղջկան էր սիրահարված: Մահապատժից մեկ օր առաջ քահանան աղջկան հրաժեշտի նամակ գրեց, որտեղ պատմեց իր սիրո մասին և այն ստորագրեց «Քո Վալենտին» բառերով: Նամակն ընթերցվեց արդեն մահապատժից հետո:

Վալենտինը կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասվեց: Իսկ 496 թ. Գելասիուս Հռոմի պապը (Pope Gelasius I) փետրվարի 14-ը հայտարարեց Սուրբ Վալենտինի օր:

Սակայն մինչև 1969 թ. եկեղեցին հավանություն չտվեց և չաջակցեց այս օրը նշելու ավանդույթին:

Վալենտինի մահվան օրը համընկնում էր հռոմեական տոներին, որոնք կատարվում էին Հունոնա սիրո աստվածուհու պատվին: Այդ օրը Հռոմում համարվում էր գարնան սկիզբ:

Վալենտինի օրվա դասական խորհրդանիշ են համարվում կարմիր վարդերը, որոնք, համաձայն հնամյա լեգենդի, առաջացել են սիրո և գեղցկության հունական աստվածուհու շնորհիվ:

Սաուդյան Արաբիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է։

Իտալիայում փետրվարի 14-ն անվանում են «քաղցր» օր: Այս օրերին այնտեղ մարդիկ միմյանց նվիրում են ամենատարբեր կոնֆետներ, թխվածքաբլիթներ եւ սրտաձեւ շոկոլադներ: Քաղցրավենիք նվիրելու սովորությունը կա նաեւ Ամերիկայում: Դեռ ոչ վաղ անցյալում այստեղ սիրահարված աղջիկները եւ տղաները իրար նվիրում էին մարցեպաններ. դա համարվում էր շատ թանկարժեք նվեր, որովհետեւ մարցեպանը պարունակում էր շաքար, որն այն ժամանակ շատ թանկ արժեր:

Ֆրանսիայում Սուրբ Վալենտինի տոնի առիթով միմյանց նվիրում են գեղեցիկ քառատողերով բացիկներ, սպիտակ շոկոլադե մուս, կոնֆետներ, ռոմանտիկ ճանապարհորդության տոմսեր, տարբեր յոգուրտներ, արհեստական ծաղիկներ: Իսկ ահա Ճապոնիայում Սուրբ Վալենտինի օրը նման է մարտի 8-ին, սակայն այս օրը նվերներ տալիս են միայն աղջիկները:

Իսպանիայում այս տոնը նշվում է ոչ թե փետրվարի 14-ին, այլ մայիսի 1-ին, Բրազիլիայում էլ՝ հունիսի 12-ին:

Հայաստանում Սուրբ Վալենտինի տոնը համընկնում է Տեառնընդառաջի տոնին: Մեր երկրում որոշ առումով Վալենտինին մոտ է երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Այն նշելու հաստատուն օր չկա, քանի որ ժամանակային կապի մեջ է Մեծ պասի և Զատկի օրերի տեղափոխությունների հետ։ Այդ օրը երիտասարդներն աղի բլիթ են ուտում քնելուց առաջ՝ երազում իրենց ապագա հարսնացուին կամ փեսացուին տեսնելու հույսով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը