Աշխարհ

12.02.2019 20:02


ԱՄՆ-ում հրապարակվել է Հայաստանում կալանավորված հակահայ լոբբիստի դատավճիռը

ԱՄՆ-ում հրապարակվել է Հայաստանում կալանավորված հակահայ լոբբիստի դատավճիռը

ԱՄՆ-ի Կոլումբիայի նահանգի շրջանային դատարանը հրապարակել է Հայաստանում կալանավորված, այնուհետև ԱՄՆ-ին արտահանձնված, հակահայ թուրք լոբբիստ Քեմալ Օքսուզի դատավճիռը։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում առաջադրված էր եղել 5 մեղադրանք։ Դատավոր Թանյա Չաթկոն նրան թեև մեղավոր է ճանաչել միայն 2 մեղադրանքով, այնուամենայնիվ, Օքսուզը դատարանի դահլիճից պայմանականորեն ազատ է արձակվել։

Ըստ մեղադրանքներից մեկի՝ Օքսուզը 2013 թվականին ամերիկացի օրենսդիրների այցը Բաքու կազմակերպելու նպատակով Ադրբեջանի իշխանություններից ֆինանսավորում է ստացել, ինչը փորձել է թաքցնել:

Դատարանի որոշմամբ՝ առաջիկա 2 տարիները նրա համար կլինեն փորձաշրջան։ Դրանից զատ, Օքսուզը պետք է վճարի 20 հազար դոլար տուգանք։ Նա պարտավորվել է նաև 100 ժամ հասարակական աշխատանք իրականացնել։

2018թ. դեկտեմբերին ամերիկյան դատարանը վճռել էր նրան 50 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել: Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել էր, որ Օքսուզն առնվազն մեկ տարի ազատազրկվի՝ ամերիկյան քաղաքական ինստիտուտներին վնաս հասցնելու մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Օքսուզը 2018թ օգոստոսի 29-ին ձերբակալվել էր Երևանում: Քևին Օքսուզը Հայաստանում 2017 թվականի սեպտեմբերին հիմնել էր «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որը զբաղվում էր տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ: Նախորդ տարվա սեպտեմբերին Քեմալ Օքսուզի կողմից խոշոր չափերի հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մասով հարուցվել էր քրեական գործ:

Ամերիկյան կողմը մինջնորդություն էր ներկայացրել ՀՀ դատախազություն Օքսուզին հանձնելու վերաբերյալ:

Հայաստանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ բավարարվել էր Քևին Օքսուզի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով ԱՄՆ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը:

Օքսուզը հետախուզվում էր նաև Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից։ Թուրքական կողմը նրան մեղադրում է Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։ Դրա շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը Թուրքիայի իրավասու մարմիններից ստացել էր միջնորդություն` Օքսուզին իրենց հանձնելու վերաբերյալ: Ի պատասխան դրան, ՀՀ գլխավոր դատախազությունից ասել էին, թե Օքսուզին արտահանձնելու պահանջով ԱՄՆ Թուրքիայից առաջ էր դիմել։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը