Հարցազրույց

18.03.2010 17:54


Սուրեն Առուստամյան

Սուրեն Առուստամյան

Հարցազրույց «ԱՌՍԱ» խմբի մենակատար, «Հայ Սուպերսթար» նախագծի մասնակից Սուրեն Առուստամյանի հետ

-Դու հիմնականում ստեղծագործում ես բլյուզ, բլյուզ-ռոք ժանրերում։ Մտավախություն չունե՞ս, որ հանդիսատեսի պակաս կունենաս, որովհետև փորձը ցույց է տալիս, որ մեր ազգաբնակչությունն ավելի շատ նախընտրում է «կլկլացնողներին» և «երգող աստղերին», քան բարձրաճաշակ երաժշտություն կատարողներին։

-Այնպիսի վախ չի եղել ինձ մոտ, որ մարդիկ չեն լսի, ես ուրիշ ժանրում ստեղծագործեմ կամ ուրիշ գործով զբաղվեմ։ Ես շատ եմ սիրում այդ երաժշտությունը, կիթառ նվագելը, երգելը։ Կան տարիքով մարդիկ, ովքեր սիրում են և իրենց երիտասարդության տարիներին լսել են ա՛յդ երաժշտությունը և հիմա էլ մեծ հաճույքով լսում են։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր անտարբեր են, չեն լսել, այդ պատճառով այսօր էլ չեն լսում բլյուզ կամ ռոք։ Ես զգում եմ, որ ինչքան շատ է քարոզվում այդ երաժշտությունը, դրական միտումներն ավելանում են։ Այսինքն, մարդիկ ավելի շատ են սկսում լսել, հասկանալ, տեղեկացվել, որ բացի այն ամենից, ինչն առկա է Հայաստանի շոու բիզնեսում, նաև այսպիսի՛ երաժշտություն կա։

-Կարելի՞ է ասել, որ դու համաձայն չես այն տեսակետի հետ, որ հասարակությանը մատուցվում է այն երաժշտությունը, որի պահանջարկն ինքն ունի։ Այսինքն, պարզապես չի լսել բարձրաճաշակ երաժշտություն, այդ իսկ պատճառով էլ դրա պահանջարկը չի ներկայացնում։

-Այո՛։ Մարդու ճաշակը մանկուց է ձևավորվում։ Բնականաբար, մարդիկ կան, որ իրենց տանը միշտ «ռաբիս» և նմանատիպ ցածրաճաշակ երաժշտություն են լսել։ Բայց ես հանդիպել եմ «ռաբիս» լսող այնպիսի մարդկանց, ովքեր, օրինակ, երբ Ֆրեդի Մերկուրի են լսել (մինչ այդ երբեք չեն լսել նրա աշխարհահռչակ ստեղծագործությունները), շատ են հավանել։ Այսինքն, եթե դու անընդհատ սկսես մատուցել այդպիսի երաժշտություն, նրանք արդեն ոչ թե կասեն՝ էն որ սենց մի հատ մուզիկա կար, այլ կասեն, օրինակ, Ֆրեդի Մերկուրիի «Show must go on»-ը։ Սովետի ժամանակ արգելված է եղել այդ երաժշտությունը, մարդիկ թաքուն էին լսում «Beatles», ինչը ես շատ սխալ եմ համարում, ու հիմա լավ է, որ այդպիսի սահմանափակումներ չկան, և մարդիկ կարող են լսել այն, ինչ ուզում են։ Բայց, ցավոք, այսօր մի մասսա կա, որ ո՛չ լսում և ո՛չ էլ ուզում է լսել բլյուզ, ռոք, ջազ։

-Կոնկրետ ռոքն ու քաղաքականությունն իրարից անջատ կարո՞ղ են լինել, թե՞ ամուր կապերով ամրակցված են իրար։

-Օրինակ՝ աշխարհահռչակ խմբերն ու երաժիշտներն իրենց երաժշտությամբ, իրենց համերգով պատերազմը դադարեցրել են։ Ջիմի Հենդրիքսը հակակառավարական ելույթներ էր ունենում, ու մարդիկ, երկրպագուները հետևում էին նրան։

-Այսինքն, ռոքն ուղղակի երաժշտությո՞ւն է, թե՞ շատ ավելին՝ օրինակ՝ ազատության ձգտելու և հասնելու միջոց։

-Ռոքը հոգեվիճակ է, ապրելաձև, մտածելակերպ, պայքար ազատության, մարդու իրավունքների, սիրո և այլնի համար։

-Արդյոք հենց այդ պատճառո՞վ չէ, որ Հայաստանում ռոքը զարգացած չէ, քանի որ մարդիկ սովոր չեն պայքարելու և չունեն ազատության ձգտում։

-Ինձ թվում է, որ եթե լսեին, հնարավոր է՝ այդ պայքարի ձգտումը, ցանկությունն ավելի մեծանար։ Բայց հիմա, փա՛ռք Աստծո, վերելք է ապրում այդ կուլտուրան, թեկուզ քայլ առ քայլ, բայց դեպի լավն է գնում։ Այդ ուղղությամբ նաև պետական համապատասխան քարոզչություն է հարկավոր, ինչպես նաև պետք է մարդիկ լինեն, ովքեր այդ հարցով զբաղվեն, գումար ներդնեն և այդ ոճում տաղանդավոր կատարողներին առաջ տանեն, ոչ թե մտածեն՝ դե չեն առնի իր սկավառակները և այլն։ Այդ իմաստով շնորհակալություն «Շանթ» հեռուստաընկերությանը։

-Քո նպատակն է դառնալ պարզապես կատարո՞ղ, թե՞ նաև քո երգերի միջոցով պայքարող երգիչ։

-Կցանկանամ՝ այնպես լինի, որ պայքարելու կարիք չլինի, և մարդիկ հաճույք ստանան երաժշտությունից։ Բայց եթե պայքարելու կարիք լինի, կցանկանամ այնքան կարող լինել, որ իմ ուժերի ներածին չափով պայքարեմ և նպաստեմ։

-Չե՞ս կարծում, որ որոշում կայացնելով, որ Հայաստանում պետք է ստեղծագործես ռոք, բլյուզ ժանրերում, արդեն իսկ պայքար ես սկսել որոշակի կարծրատիպերի և ձևավորված ճաշակի դեմ։

-Կարելի է այդպես ասել։ Նույնիսկ փողոցում, երբ ընկերներիս հետ քայլում եմ և ինչ-որ անկապ բան են լսում, միշտ ասում եմ՝ էս ի՞նչ ես լսում, անջատի կամ ուրիշ բան լսի։ Բայց բուն արդյունքը դեռ չեմ տեսնում, թեև մեկնարկը կա։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը