Հարցազրույց

11.02.2019 22:36


Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Պարգևավճարներ չանելը չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է. Ատոմ Ջանջուղազյան

Պարգևավճարներ չանելը «չեմ կարծում, թե ճիշտ ճանապարհ է»,-«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«Ազատություն». - 5 միլիոն դրամը ի՞նչ էր ներառում իր մեջ։ Հերթով ասեք թվերով՝ աշխատավարձ, պարգևավճար։

Ջանջուղազյան. - Եթե մենք ուզում ենք դատողություն անել վարձրատրության վերաբերյալ, տրամաբանական է ոչ թե վերցնել դեկտեմբերը, այլ վերցնել ամբողջ տարին։ Միայն այդ դեպքում մենք կունենանք պատկերը, թե ինչպիսին է։ Ֆինանսների նախարարի և նախարարի առաջին տեղակալի վարձատրության տարբերությունը 17 և 18 թվականին եղել է մոտավորապես 10 տոկոսի չափ։ Ես կարծում եմ, որ առնվազն 10 տոկոսի չափ կարող ենք գնահատել, որ Ֆինանսների նախարարի պատասխանատվությունն ավելին է, քան Ֆինանսների նախարարի առաջին տեղակալինը։ 5 միլիոն դրամն իր մեջ ներառում է երկու ամսվա աշխատավարձ և պարգևավճար և այսպես կոչված 13-րդ աշխատավարձ, որը ասում եմ այսպես կոչված, որովհետև իրականում իր անունը 13-րդ աշխատավարձ չի, դա նույնպես, ըստ էության, պարգևավճար է, բայց դա օրենքով սահմանված է որպես լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։

«Ազատություն». - Այս երկրում ինձ և Ձեզ զուգահեռ ապրում են մարդիկ, ովքեր աշխատում են և ստանում են գրոշներ, այս դեպքում Դուք Ձեզ այդ թվերը, պարգևավճարները գրելիս չմտածեցի՞ք, որ այս տարի չանեմ կամ չգիտեի՞ք, որ այսպիսի արձագանք կլինի։

Ջանջուղազյան. - Ոչ, և չեմ կարծում, թե դա ճիշտ ճանապարհ է, որովհետև այլընտրանք միշտ կա։ Հիմա ընտրության հարց է՝ գնալ այն ճանապարհով, որ, ասենք, մենք չենք ուզում որևէ բան փոխվի, թե գնանք էն ճանապարհով, որ մենք ուզում ենք ինչ-որ բան փոխվի, և դրա ճանապարհը տեսնում ենք նրա մեջ, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով և իր գործը լավագույնս անի։ Մեր կարծիքով, ճիշտ ճանապարհը երկրորդն է, որովհետև առաջինը մենք փորձել ենք տասնամյակներ շարունակ և չի ստացվել։

«Ազատություն». - Օգտատերերից մեկը հարցնում է՝ պարոն Ջանջուղազյան, Ձեր կարծիքով արդա՞ր է, օրինակ, որ Դուք ստանում եք 500 հազար դրամ աշխատավարձ, իսկ մյուս նախարարները՝ 200-250 հազար։

Ջանջուղազյան. - Նախ տարօրինակ է, որ այդպիսի կարծիք է ստացվել, որ աշխատանքի վարձատրությունը նախարարների համար տարբերվում է։ Մեր երկրում 2013 թվականին ընդունվել է օրենք, որը պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասին է, և ըստ այդ օրենքի՝ նախարարների, և ոչ միայն նախարարների, այլ պետական պաշտոն զբաղեցնողների համար սահմանված է, թե ով ինչքան պետք է վարձատրվի, և այդ վարձատրության չափերին համապատասխան գործակիցներ են նախատեսված յուրաքանչյուր պաշտոնի համար։ Բոլոր նախարարների, միայն աշխատավարձի մասը, միևնույն չափով է սահմանել օրենսդիրը։

Այս խորագրի վերջին նյութերը