Աշխարհ

11.02.2019 21:45


Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Լարվածություն թուրք-չինական հարաբերություններում

Թուրք-չինական հարաբերություններում նոր լարվածություն է առաջացել Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի պատճառով։

Լարվածությունը սկսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյի այն հայտարարությունից հետո, որտեղ նա չինական իշխանություններից պահանջել է փակել Չինաստանում առկա որոշ ճամբարներ, որտեղ պահվում են ույղարական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ։

Աքսոյն այդ ճամբարները որակել է որպես «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ կալանքի տակ են գտնվում բազմաթիվ ույղուրներ, ովքեր, ըստ նրա, ենթարկվում են կրոնական, քաղաքական ճնշումների և ձուլման քաղաքականության։

Աքսոյը նշել է, որ այդ ճամբարների փակման պահանջը Թուրքիայի կողմից նորից բարձրացվել է այն բանից հետո, երբ դրանցից մեկում իբր սպանվել էր ույղուր հայտնի աշուղ Աբդուրեհիմ Հեյիթը։

Ի պատասխան Թուրքիայի մեղադրանքների՝ Չինաստանի արտգործանախարարությունից հայտնել են, որ թուրքական կողմի հայտարարությունն ամբողջովին սուտ է և չի համապատասխանում իրականությանը։ Չինական կողմը նախ ընդգծել է, որ այն ճամբարները, որոնց մասին խոսել էր Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը, բնավ «համակենտրոնացման ճամբարներ» չեն, ավելին՝ դրանք նպաստում են, որ ույղուրների որոշ ներկայացուցիչներ հեռու մնան ահաբեկչությունից եւ ինտեգրվեն հասարակությանը:

Չինաստանի ԱԳՆ-ն նույնիսկ ույղուր աշուղի մասնակցությամբ հատուկ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա զրուցում է լրագրողի հետ և պատմում իր մասին։ Ըստ չինական կողմի՝ տեսանյութն արվել էր փետրվարի 10-ին, և ույղուր աշուղը ողջ է։

Այս խորագրի վերջին նյութերը