Աշխարհ

11.02.2019 11:50


«BAFTA-2019» մրցանակաբաշխությունը՝ լուսանկարներով

«BAFTA-2019» մրցանակաբաշխությունը՝ լուսանկարներով

Լոնդոնյան «Royal Albert Hall»-ում կայացել է Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի «BAFTA-2019» մրցանակաբաշխությունը։ Դափնեկիրների ցանկն արդեն հրապարակված է Բրիտանական կինոակադեմիայի պաշտոնական կայքում։

«Լավագույն ֆիլմ», «Օտարալեզու լավագույն ֆիլմ» (Մեքսիկա) անվանակարգերում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը, ինքը Ալֆոնսո Կուարոնը՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։

Մրցանակների քանակով առաջատարը հույն ռեժիսոր Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» է։ Ֆիլմը հաղթել է «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Լավագույն օրիգինալ սցենար», «Կոստյումների լավագույն դիզայն», «Լավագույն գրիմ եւ սանրվածքներ», «Բեմադրող-նկարիչների լավագույն աշխատանք» անվանակարգերում, իսկ Օլիվիա Քոլմանը եւ Ռեյչել Վայսը, ովքեր խաղացել են ֆիլմում, արժանացել են «Լավագույն դերասանուհի» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» մրցանակներին։ Վայսը «Ֆավորիտուհին» կինոնկարում մարմնավորել է Սառա Չերչիլի՝ թագուհու մտերիմ ընկերուհու դերը:

«Լավագույն դերասան» մրցանակին արժանացել է Ռամի Մալեքը, ով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում խաղացել է «Queen» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի դերը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել «Կանաչ գիրքը» ֆիլմում խաղացած Մախերշալա Ալին։

Բրեդլի Քուփերի «Աստղը ծնվեց» ֆիլմի սաունդթրեքը հաղթող է ճանաչվել «Լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգում։

Կարմիր գորգին է հայտնվել նաև Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը։

7or.am

Աղբյուրը՝ Daily Mail

Այս խորագրի վերջին նյութերը