Լրահոս

10.02.2011 10:17


ԼՂՀ ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել միակողմանի միջոցառումների դեմ

ԼՂՀ ԱԳՆ-ն բողոքի նամակ է հղել միակողմանի միջոցառումների դեմ

2011թ. փետրվարի 9-ին Բրյուսելում կայացած «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից(Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառման կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը նամակ է ուղղել կազմակերպիչներին' Եվրախորհրդարանի փոխխոսնակ, Մարդու իրավունքների հանձնաժողովի համակարգող Լասլո Տոկեսին և «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը:

«Խորը ափսոսանքով տեղեկացանք, որ «Ներքին տեղահանված անձինք Ադրբեջանում. Խոջալուից(Լեռնային Ղարաբաղ) մինչև Բաքու» վերտառությամբ միջոցառմանը լսելի է լինելու պատմության միայն մի կողմը և ուշադրություն չի դարձվելու Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Ադրբեջանի այլ' երբեմնի հայաբնակ շրջանների զոհերի ճակատագրի վրա' էլ չխոսելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների իրավունքների մասին, որոնցից շատերը Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում դարձել են ներքին տեղահանված անձինք...Մենք բողոքում ենք նման միակողմանի միջոցառումների դեմ, երբ փորձ է արվում ներկայացնել իրադարձությունների միայն մի կողմը' նպատակ ունենալով հաճոյանալ այն երկրի իշխանություններին, որոնք ջանք չեն խնայում իրենց քաղաքական շահի համար որպես գործիք օգտագործել Խոջալուի իրադարձությունները: Ստիպված ենք ցավով փաստել, որ նման հեղինակավոր կազմակերպությունը, ինչպիսին Ձերն է, հերթական գործիքն է դարձել ադրբեջանական իշխանությունների ձեռքին Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ ճշմարտությունը խեղաթյուրելու իրենց նկրտումների մեջ»,-ասված է նամակում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Եվրախորհրդարանի փոխխոսնակի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Խոջալուի իրադարձություններն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես քարոզչական գործիք' նպատակ ունենալով շեղել միջազգային հանրության ուշադրությունը այդ երկրի կողմից իրականացրած հանցագործություններից և մարդու իրավունքների խախտումներից: Միաժամանակ նա նշել է, որ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլլաևը, ով իր «Ղարաբաղյան օրագրում» ներկայացրել է Խոջալուի իրադարձությունների օբյեկտիվ պատկերը, դեռևս գտնվում է բանտում։

«Գոյություն ունեն բազմաթիվ վկայություններ և պատմություններ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել Խոջալուում: Իսկական իրավապաշտպանները պետք է մանրազնին ուսումնասիրեն դրանք և համապատասխան հետևություններ անեն: Որպեսզի հեշտացնենք այն մարդկանց խնդիրը, ովքեր ճշմարտություն են փնտրում, մենք պատրաստակամությամբ կարող ենք առաջարկել Խոջալուի իրադարձությունների հետ կապված կեղծարարությունների մասին առկա փաստաթղթերն ու ինտերնետ-հղումները»,- նշվում է ուղերձի մեջ:

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը կոչ է արել «Մարդու իրավունքներն առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպությանը մտածել նաև Սումգայիթի կոտորածի, Բաքվի ջարդերի, Շահումյանում տեղի ունեցած էթնիկ զտումների զոհերի և Ադրբեջանից բռնագաղթած բոլոր մարդկանց ողբերգական ճակատագրի մասին։

«Մենք համոզված ենք, որ ոչ ոքի չի կարելի թույլ տալ հանուն քաղաքական շահի ձեռնածվություն անել մարդկային ողբերգության հետ: Մարդու իրավունքները համապարփակ արժեք են, որոնք պետք է կիրառվեն բոլորի հանդեպ' անկախ դավանանքից, մաշկի գույնից ու ծննդավայրից: Այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը ապրում է մի երկրում, որը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, ոչ մի կերպ նրան չի զրկում մարդու հիմնարար իրավունքներից»,-ընգծել է Գեորգի Պետրոսյանը:

ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի' Մարդու իրավունքների հանձնաժողովը կգործադրի բոլոր ջանքերը խուսափելու այնպիսի միջոցառումների անցկացումից, որոնք հաշվի չեն առնում բոլորի իրավունքներն ու ազատությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը