Աշխարհ

05.02.2019 11:29


ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

ԱՄՆ-ն ու Թուրքիան Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում դեռևս համաձայնության չեն հասել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։

Ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում նաև Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցը։

Ժողովից հետո մամուլի ասուլիս է տվել Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա անդրադարձել է Թուրքիայի ակնկալիքներին՝ Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածի հետ կապված, որտեղ թուրքական կողմը պատրաստվում է նոր ռազմական գործողություններ սկսել տեղի քուրդ զինյալների դեմ:

Քալընը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն համաձայնության են հասել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում։ Խոսնակն ընդգծել է, որ թուրք-ամերիկյան բանակցություններն այդ հարցում դեռևս շարունակվում են։

Թուրք պաշտոնյայի խոսքերով՝ Թուրքիան ակնկալում է, որ Եփրատ գետի արևելյան հատվածում, այդ թվում՝ Մանբիչում, ստեղծվեն այն մեխանիզմները, որոնք ստեղծվեցին Իդլիբում։ Նա նաև հույս է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտին կվերահսկի նաև Թուրքիան։

Թուրք պաշտոնյան կարևորություն է տվել նաև Մանբիչի հարցում ճանապարհային քարտեզի իրականացմանը, որի շուրջ Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև ձեռք էր բերվել համաձայնություն։ Ըստ դրա՝ Սիրիայի քրդական ուժերը լիովին պետք է դուրս գան քաղաքից։ Նա նկատել է տվել, որ այդ ամենի հետաձգումը օգուտ չի բերելու ոչ ԱՄՆ-ին, ոչ էլ Թուրքիային։ Շեշտվել է, որ Մանբիչի շուրջ թուրք-ամերիկյան համաձայնությանը կողմ է նաև Ռուսաստանը։

Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցին՝ Էրդողանի մամուլի խոսնակը եզրափակել է. «Ըստ մեզ՝ Բաշար Ասադը լեգիտիմությունը կորցրել է և չի կարող ստանձնել որևէ դեր»։

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը