Լրահոս

17.01.2019 15:38


Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար

Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար

N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, չպարզված հանգամանքներում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Հակոբյանի՝ որովայնի շրջանում հրազենային, գնդակային միջանցիկ վնասվածք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Ա.Հակոբյանը նշված վնասվածքն ստացել է համածառայակից, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Մ-ի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում արձակված կրակոցից:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը