Աշխարհ

15.01.2019 20:53


«Ինչո՞ւ բեղեր չունես». Էրդողանի հարցը քաղաքապետի թեկնածուին

«Ինչո՞ւ բեղեր չունես». Էրդողանի հարցը քաղաքապետի թեկնածուին

Մարտի 30-ին Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է իր գլխավորած «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) Քոջաելի նահանգի թեկնածուներին:

Այդ ժամանակ Էրդողանն անսպասելի հարց է ուղղել Քոջաելիի Բաշիսքելե քաղաքի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մեհմեթ Յասին Օզլուին:

- Յասի՛ն, դու ինչո՞ւ բեղեր չունես:

- Կպահեմ, իմ պարո՛ն,- պատասխանել է քաղաքապետի թեկնածուն:

Վերջին տարիներին Թուրքիայի կառավարության անդամների ու իշխող կուսակցության պատգամավորների շրջանում նորաձև է դարձել Էրդողանի պես բեղեր պահելը: Թուրքական մամուլում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Էրդողանն անձամբ է կառավարության որոշ անդամների հորդորել բեղ պահել:

Բեղ պահելու սիրահար Էրդողանին բեղերը սափրելուց հրաժարվելը ժամանակին պաշտոնի կորուստ է արժեցել:

1980 թվականին ռազմական հեղաշրջման օրերին, երբ Էրդողանն աշխատում էր Ստամբուլի տրանսպորտի քաղաքային խորհրդում, նրա պետը հրամայում է սափրել բեղերը: Էրդողանը հրաժարվում է կատարել վերադասի հրահանգը, ինչի արդյունքում հեռացվում է աշխատանքից։

Աղբյուրը`ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը