Լրահոս

17.11.2010 14:50


Հաստատվել է «Էքստեռն(դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու» նոր կարգը

ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով հաստատվել է «Էքստեռն(դրսեկություն) փոխադրական և ավարտական քննություններ կազմակերպելու»  կարգը, որով կարգավորվում են ՀՀ հանրակրթական դպրոցի աշակերտների համար էքստեռն փոխադրական քննությունները, ինչպես նաև հիմնական  և միջնակարգ կրթական ծրագրերին համապատասխան էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու հետ կապված հարաբերությունները: Համաձայն կարգի' հանրակրթական դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են' ելնելով սովորողի կողմից հանրակրթական ծրագրերի  յուրացման փաստացի մակարդակից: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների բացառապես այն սովորողների համար, ովքեր նախորդ դասարաններում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից, բացառությամբ  առողջության պատճառով «Տեխնոլոգիա», «Ֆիզկուտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաների, ունեցել են գերազանց առաջադիմություն (տարեկանանում' 9 կամ 10 միավոր  և քննական' 10 բալանոց հակարգում 9 կամ 10 միավոր,իսկ  20 բալանոց համակարգում' 19 կամ 20 միավոր): Ուսումնառության ողջ ժամանակահատվածում հանրակրթական ուսումնական հաստատության սովորողը սահմանված կարգով դասարանից դասարան վաղաժամկետ կարող է  փոխադրվել  միայն մեկ անգամ:  Կարգով սսահմանվում է, որ երկրորդ աստիճանի  կրթական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության  ավարտական դասարանում /9-րդ դասարան/, ինչպես նաև 3-րդ աստիճանի  կրթական ծրագրեր իրականացնղ հանրակրթական ուսումնական հաստատության բոլոր դասարաններում /10-12 դասարաններ/,  էքստեռն փոխադրական քննություններ չեն  կազմակերպվում: Սովորողի  համար էքստեռն փոխադրական քննությունները կազմակերպվում են սահմանված ընթացակարգով: Համաձայն կարգի' մանկավարժական խորհրդի կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողը' անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից և կազմակերպաիրավական ձևից, կենտրոնացված կարգով հանձնում է փոխադրական քննություններ Երևան քաղաքում հետևյալ ընթացակարգով' 1-4-րդ դասարաններում' գիտելիքների ստուգում, իսկ մնացած դասարաններում' քննություն «Հայոց  լեզու» և «Մաթեմատիկա»    առարկաներից: Քննություններն անցկացվում են նախարարության կողմից ընտրված դպրոցում, հաստատված ժամանակացույցով' հունվարի 20-25-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ կրթության և գիտության նախարարի   հրանանով ստեղծված հանձնաժողովի կողմից, որը նախագահում է նախարարը: Քննություններն  անցկացվում են  նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից կազմված քննական առաջադրանքներով: Կենտրոնացված փոխադրական քննություններ անցկացնող հանձնաժողովի դրական եզրակացության դեպքում սովորողն իրավունք է ստանում մասնակցելու  տվյալ դասարանի ուսումնական պլանով  նախատեսված մնացած առարկաների քննություններին, որոնք  անցկացվում են սովորողին երաշխավորած  դպրոցում' դպրոցի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից հունվարի 26-ից  փետրվարի 15-ը ընկած ժամանակահատվածում, առարկայական  մեթոդական միավորումների  կողմից կազմված քննական առաջադրանքներով: Համաձայն կարգի' փոխադրական քննություններն (գիտելիքների ստուգումը)  անցկացվում են  տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի և հաջորդ դասարանի 1-ին կիսամյակի ուսումնական պլաններով նախատեսված բոլոր առարկաների ծրագրային նյութերից; Նշված գիտելիքների ստուգմանը մասնակցում է  նախարարի լիազոր ներկայացուցիչը, բացի այդ, փոխադրական քննություններին կարող են մասնակցել նաև տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի կրթության վարչությունների ներկայացուցիչները: Արդյունքում' փոխադրական բոլոր քննություններից (10 բալային համակարգով) 7-10 միավոր  ստանալու դեպքում դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում է կայացնում սովորողին դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրելու մասին: Համաձայն կարգի'   էքստեռն ավարտական քննությունները  կազմակերպվում են    կրթական  2-րդ և  3-րդ աստիճանների  հանրակրթական  հիմնական, ընդհանուր  ծրագրերին  համապատասխան: Նշված քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով միջնակարգ կրթության ատեստատ ստանալ հիմնական կրթության  վկայական ստանալու օրվանից առնվազն 3 տարի հետո հանրակրթությունից  դուրս մնացած և ինքնակրթությամբ  զբաղված, ինչպես նաև 3-րդ աստիճանի  հանրակրթական  հիմնական, ընդհանուր  ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական դասարանում  ուսումն ընդհատած  անձինք: Էքստեռն  կարգով հիմնական  կրթության  վկայական ստացած անձը,  էքստեռն կարգով ատեստատ ստանալու համար, կարող է դիմել' սկսած հաջորդ տարվանից: էքստեռն ավարտական քննություններին կարող են մասնակցել և էքստեռն կարգով հիմնական կրթության ավարտական վկայական ստանալ 16 տարին լրացած անձինք: Համաձայն կարգի' էքստեռն ավարտական քննությունները կազմակերպվում   Երևան քաղաքում' էքստեռն ավարտական քննություններ կազմակերպելու իրավունք վերապահված ավագ  դպրոց(ներ)ում: Կարգով սահմանվում է, որ ինքնակրթությամբ զբաղված  անձինք,  ցանկության դեպքում, կարող են  դիմել որևէ  ավագ դպրոց' քննական առարկաներից վճարովի  հիմունքներով լրացուցիչ պարապմունքներ կազմակերպելու  խնդրանքով: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների   համար էքստեռն ավարտական քննություններ կազմակերպվում են նախարարության թույլտվությամբ, համապատասխան դպրոցում: Համաձայն կարգի' էքստեռն քննություններն անցկացվում են  մայիսի 20-ից հունիսի 20-ը՝ ըստ նախարարության կողմից հաստատված ժամանակացույցի: Այն քննությունները,  որոնք համընկնում են  հանրակրթական ուսումնական հաստատությունների  ավարտական և պետական ավարտական  քննությունների հետ, անցկացվում են ավարտական և  պետական ավարտական քննությունների միասնական քննական օրերին' ՀՀ կառավարության աշխատակազմի գնահատման և թեստավորման կենտրոնի կազմած թեստերով: Մնացած առարկանների  քննական տոմսերը, առաջադրանքները, առարկայական ծրագրերին համապատասխան, կազմում են դպրոցի համապատասխան   մեթոդական միավորումները: Սահմանվում է, որ էքստեռն կարգով ավարտական քննություններ հանձնած դրսեկի ստացած քննական դրական գնահատականները  ուժի մեջ  են մեկ տարի: Հաջորդ տարի նա քննություն է հանձնում  միայն այն առարկայից, որից քննություն չի հանձնել կամ ստացել է քննական անբավարար գնահատական: Բոլոր քննություններից դրական գնահատականներ ստացած քաղաքացիներին   սահմանված կարգով տրվում է հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության  ատեստատ՝ «Էքստեռն» նշումով, որը կատարվում է նախարարությունում: Էքստեռն կարգով ավարտողները գովասանագրով կամ մեդալով չեն պարգևատրվում:

Այս խորագրի վերջին նյութերը