Աշխարհ

14.01.2019 15:25


Թուրքիայում վերջին 4 տարում 69 տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Թուրքիայում վերջին 4 տարում 69 տոկոսով աճել է զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը

Թուրքիայում 2018թ․ զենքի կիրառությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։ Այն կազմել է շարքային քաղաքացիների կողմից զենքի պահպանման և օգտագործման դեմ պայքարող «Umut» հիմնադրամը։

Զեկույցի համաձայն՝ 2018թ․ թուրքական մամուլում տեղեկություններ են հրապարակվել 3․679 զինված հարձակման մասին։ ermenihaber.am–ի փոխանցմամբ՝ 2015թ․ մամուլում արտացոլված նմանատիպ դեպքերի թիվը կազմել էր 2․175։

Այսպիսով, վերջին 4 տարվա ընթացքում 69 տոկոսով ավելացել է հասարակության շրջանում այնպիսի զինված միջադեպերի թիվը, որոնց արդյունքում վիրավորներ կամ զոհեր են եղել։

2018թ․ զենքի կիրառմամբ ամենաշատ դեպքերը գրանցվել Մարմարայում։ 2015թ․-ի համեմատ՝ այս տարածաշրջանում զինված միջադեպերի թիվն աճել է 88 տոկոսով։ Ամենամեծ աճը գրանցվել է Միջին Անատոլիայի տարածաշրջանում։ Այստեղ զինված հարձակումների կամ զենքի կիրառությամբ այլ հանցագործությունների թիվն աճել է 128 տոկոսով։

Նախորդ տարի Մարմարայի տարածաշրջանում գրանցվել է 1․032, Կենտրոնական Անատոլիայում՝ 646, Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 503, Սևծովյան տարածաշրջանում՝ 483, Էգեյան տարածաշրջանում՝ 442, Հարավարևելյան Անատոլիայում՝ 357 և Արևելյան Անատոլիայում՝ 216 զինված միջադեպ։

2018թ․ ընթացքում ինքնաձիգների, ատրճանակների ու կտրող-ծակող գործիքների կիրառմամբ գրանցված միջադեպերի արդյունքում Թուրքիայում վիրավորվել է 3․762, զոհվել՝ 2․272 մարդ։

Այդ հանցագործություններից 1․478-ը կատարվել է ինքնաձիգի, 1․429-ը՝ ատրճանակի (ընդ որում՝ 1000-ից ավելի դեպքում՝ ծառայողական ատրճանակի), 772-ը՝ կտրող-ծակող գործիքների կիրառմամբ։

2015թ․ գրանցված հանցագործությունների ժամանակ օգտագործվել էր 857 ինքնաձիգ, 605 ատրճանակ, 87 ծառայողական զենք և 626 կտրող-ծակող գործիք։

Թուրքիայում ցանկացած քաղաքացի, այդ թվում նաև՝ անչափահասները, կարող են համացանցով զենք պատվիրել, և այն կառաքվի նրանց ցանկացած հասցեով։

Զեկույցի հեղինակներն առաջարկել են Ներքին գործերի նախարարությանը և այլ պատասխանատու մարմիններին կանխարգելել համացանցի միջոցով զենքի ազատ վաճառքը, փոփոխություններ մտցնել զենքի պահպանման և կիրառության մասին օրենքում, ինչպես նաև՝ ողջ երկրում իրականացնել կրթական-տեղեկատվական ծրագրեր՝ ընտանիքներում երեխաներին և կանանց ուղղված բռնության դեպեքրի կանխարգելման նպատակով։

Աղբյուր` ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը