Աշխարհ

14.01.2019 18:57


Վրաստանում առանց տեխզննման մեքենաներին կտուգանեն «խելացի» տեսախցիկները

Վրաստանում առանց տեխզննման մեքենաներին կտուգանեն «խելացի» տեսախցիկները

Հունվարի 14-ից Վրաստանի ճանապարհների վրա տեղադրված «խելացի» տեսախցիկները կֆիքսեն առանց տեխզննման ավտոմեքենաներին և ավտոմատ կերպով վիդեոտուգանքներ կարձանագրեն: Այս մասին ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Ավտոմեքենայի սեփականատերը տուգանքի մասին տեղեկությունը կստանա SMS հաղորդագրության միջոցով: Հաղորդագրությունը ստանալուց 10 օրվա ընթացքում վճարման դեպքում վարորդը կստանա 20%-ոց զեղչ:

Եթե սեփականատերը SMS չստանա, ապա նրան վիդեոտուգանքի ծանուցումը կուղարկվի փոստով: Տուգանքների առկայությունը կարող եք ստուգել նաև Վրաստանի ՆԳՆ-ի կայքում:

Ընդհանուր առմամբ, Վրաստանի ճանապարհներին տեղադրված է շուրջ 1,5 հազար տեսախցիկ, որոնցից 795-ն ընդհանուր ակնարկի տեսախցիկներն են, իսկ 646-ը՝ «խելացի»: 2019 թվականին վերջիններիս թիվը կավելանա, ինչպես նաև կավելանա տրանսպորտի արագությունը չափող սեկցիոն ռադարների քանակը:

Վրաստանում տեխզննումը ներմուծվել է փուլ առ փուլ: 2018 թվականի հունվարի 1-ից տեխզննումը դարձել է պարտադիր 3,5 տոննան գերազանցող տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ութ կամ ավելի ուղևորի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

2018 թվականի հուլիսի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել իրավաբանական անձանց վրա գրանցված թեթև մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև պետության սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների համար: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել թեթև մարդատար ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 3.0-ն, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ մնացած թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

2019 թվականի հունվարի 1-ից բոլոր տրանսպորտային միջոցների համար ուժի մեջ է մտել ավտոմեքենաների պարտադիր պարբերական տեխնիկական զննումը։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը