Հարցազրույց

07.01.2019 15:34


«ՀՀ իշխանությունների 2019թ. գլխավոր մարտահրավերներից մեկը ԼՂ հակամարտության հիմնահարցում հայաստանյան օրակարգի առաջմղումն է». բրիտանացի փորձագետ

«ՀՀ իշխանությունների 2019թ. գլխավոր մարտահրավերներից մեկը ԼՂ հակամարտության հիմնահարցում հայաստանյան օրակարգի առաջմղումն է». բրիտանացի փորձագետ

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանը բարեփոխելու գործիքներից մեկն է»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով գալիք քաղաքական տարվա մարտահրավերներին և ՀՀ իշխանությունների անելիքներին:

Նա նշեց, որ 2018թ. կարևոր էր ՀՀ ներքաղաքական կյանքի համար, քանի որ բացառիկ ներքաղաքական զարգացումներ տեղի ունեցան երկար տարիներ կուտակված հանրային դժգոհությունների պատճառով, իշխանություն փոխվեց, ընտրություններ անցկացվեցին, և ըստ էության քիչ-քիչ անցումային գործընթացները մոտենում են իրենց ավարտին: Մաքֆարլեյնը նկատեց, որ ներքին իրավիճակը թեժ էր, որից տուժեցին որոշակիորեն Հայաստանի արտաքին հարաբերությունները, քանի որ մեծ ակտիվություն Հայաստանը չկարողացավ ցուցաբերել 2018թ., որոշ ուղղություններով նույնիսկ անորոշություն և խնդիրներ ի հայտ եկան: Ուստի, նրա խոսքով, 2019թ. լինելու է արդյունքներ ցույց տալու, խնդիրները հարթելու տարի թե՛ ներքին կյանքում, արձագանքելով սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին, թե՛ արտաքին ոլորտում՝ անդրադառնալով կուտակված մի շարք հարցերի:

«Անցումային շրջանն ըստ էության ավարտվում է, հասարակությունը երկար չի կարող սպասել արդյունքների, քանի որ երկար ժամանակ եղել է դժգոհություն, և այդ տրամադրությունները հանգեցրին հեղափոխության, իշխանությունը շատ լավ պետք է հասկանա, որ եկել է գործելու ժամանակը, այլապես այն տրամադրությունները, որոնք կան երկրում, կվերածվեն հիասթափության: Նույնը վերաբերում է արտաքին քաղաքականությանը: Ինչպես երևում է` գլխավոր մարտահրավերը գործող իշխանության համար լինելու է իրավիճակը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ, քանի որ լուրջ ակնկալիքներ կան բոլոր կողմերում: 2019թ. ընթացքում կլինեն բանակցություններ կարգավորման գործընթացի շուրջ, և իշխանություններից այս հարցում հստակ դիրքորոշում է ակնկալվում:

Բրյուսելի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ հարաբերություններում կա հստակեցումների կարիք՝ հաշվի առնելով այն հայտարարությունները, որ նոր որակի արտաքին հարաբերություններ են ձևավորվելու: Այս բոլոր ուղղություններով Հայաստանն անելիք ունի՝ հաշվի առնելով այն տարածաշրջանի խնդրահարույց բնույթը, որում Հայաստանն է` Մերձավոր Արևելքի, Իրանի հարևանությամբ, ԼՂ հակամարտությամբ, հայ-թուրքական հարաբերությունների բացակայությամբ: Հուսանք` 2019թ. ընթացքում շատ հարցեր ավելի հստակ կլինեն:

Բայց գլխավոր մարտահրավերը լինելու են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ իշխանությունների ճիշտ քայլերը, կարգավորման գործընթացում հայանպաստ օրակարգի առաջմղումը: Կարծում եմ` հարկ կա նաև, որպեսզի ՀՀ իշխանություններն ավելի ակտիվ զբաղվեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացմամբ, քանի որ դա առաջին հերթին հարկավոր է Հայաստանին: Հատկապես այս փուլում այդ բարեփոխումներն ավելի պետք է կարևորվեն Հայաստանի կողմից. դա երկիրը բարեփոխելու գործիքներից մեկն է, և դրա կարիքը կա, որ օգտագործեն ՀՀ իշխանությունները»,-ասաց Նեյլ Մաքֆարլեյնը:

Այս խորագրի վերջին նյութերը