Աշխարհ

06.01.2019 13:53


Ֆրանսիայում ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները

Ֆրանսիայում ցուցարարները վերսկսել են բողոքի ակցիաները

Ֆրանսիայի քաղաքներում, մասնավորապես՝ Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Գրենոբոլում, «դեղին ժիլետներ» անվանումը ստացած ցուցարարները երեկ վերսկսել են բողոքի ակցիաները։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 25 հազար մարդ։ Որոշ քաղաքներում ակցիաներն ավարտվել են ոստիկանների հետ բախումներով։ Բովեում ոստիկանները նույնիսկ արցունքաբեր գազ են կիրառել, իրենց բնորոշմամբ, չարտոնված ակցիայի 600 մասնակիցների մուտքը քաղաք արգելելու համար։

Մակրոնի կառավարությունը 2018-ի հոկտեմբերին հայտարարեց վառելիքի հարկերը բարձրանցելու մասին։ Կառավարությունը տնտեսակական այդ քաղաքականությունը բացատրեց բնապահպանական խնդիրները լուծելու, օդի աղտոտվածությունը վերահսկելու նպատակով: Սակայն հազարավոր ցուցարարներ՝ դեղին ժիլետներ հագած, դուրս եկան Փարիզի ու այլ քաղաքների փողոցներ: Նրանք պահանջում էին չեղարկել Ֆրանսիայի նախագահի նախաձեռնած հարկային բարեփոխումները, որոնք հանգեցրել են դիզելային վառելիքի գնի կտրուկ աճին: Ցուցարարները դիմեցին նաև բռնությունների՝ ջարդելով ու հրկիզելով ցուցափեղկեր, ավտոմեքենաներ, նրանց դեմ ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց որոշ զիջումների մասին. նա խոստացավ 2019-ի հունվարից նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 եվրոյով, նվազեցնել թոշակառուների և անապահով խավի հարկերը: Մակրոնը միաժամանակ, նշեց, որ տնտեսական քաղաքականության շրջադարձ չի լինի, ինչպես նաև դատապարտեց տեղի ունեցած բռնությունները:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը