Տնտեսական

27.12.2018 15:39


Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել են Երևան-Թալին մայրուղին

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները այսօր առավոտից փակել էին Երևան-Թալին մայրուղին՝ պահանջելով իրենց աշխատավարձը։

Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը իրականացնում է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերությունը, որը ունի ենթակառույցներ։ Արագածոտնի մարզում Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը իրականացնում է վեց ընկերությունը և վեց ընկերությունն էլ, ըստ ցուցարարների, չորս ամիս է՝ չեն վճարել իրենց աշխատավարձը։

Նրանք մի քանի ժամ փակել էին ճանապարհը և պահանջում էին, որ իրենց գործատուները, պատկան մարմինների, այդ թվում՝ կառավարության ներկայացուցիչները ներկայանան և իրենց խնդրին լուծում տան։ Դեպքի վայր ժամանեց միայն Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և համոզեց ցուցարարներին բացել ճանապարհը՝ հավաստիացնելով, որ կստանան իրենց հուզող հարցերի պատասխաները։

Մարզպետը շինարարներին խորհուրդ տվեց իրավական ճանապարհով փորձել ստանալ իրենց հարցերի լուծումները, այն է՝ դիմել դատարան և պահանջել գործատուներից իրենց պարտքը։ Սակայն աշխատակիցներն ասում էին, որ չեն կարող ամիսներ շարունակ սպասել դատարանի որոշմանը, և պահանջում են անհապաղ լուծում տալ իրենց հարցին։ Մի քանի ժամ փակ պահելուց հետո նրանք մարզպետի հորդորով ճանապարհը բացեցին, սակայն սպառնացին, որ եթե իրենց աշխատավարձերը չստանան, ապա դարձյալ փակելու են ճանապարհը։

Ցուցարարները դեռ չեն հեռացել, շարունակում են իրենց բողոքի ցույցը։ Այնտեղ է նաև մարզպետը, սակայն մինչ այս պահը որևէ գործատու նրանց հետ կապ չի հաստատել։

Շինարարները «Ազատության» հետ զրույցում ասացին, որ գործատուները պատճառաբանել են, թե չեն կարող վճարել աշխատավարձերը, քանի որ «Կորսան» ընկերությունը, այսինքն՝ գլխավոր կապալառուն, իրենց չի փոխանցել գումարը։

Դավիթ Գևորգյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ կառավարությունից գումարն ամբողջությամբ փոխանցվել է, և այստեղ կառավարությունը մեղավոր չէ։

Այս խորագրի վերջին նյութերը