Աշխարհ

22.12.2018 23:05


Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները

Դեկտեմբերի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին այցով կմեկնի Մոսկվա, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երկու երկրի կառավարությունների անդամների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Էյսմոնտին:

«Դեկտեմբերի 25-ին նախատեսված է Բելառուսի նախագահի այցելությունը Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացվի Ռուսաստանի նախագահի հետ: Բանակցությունների ձևաչափը նախատեսում է նաև կառավարության անդամների մասնակցությունը»,-հայտնել է Էյսմոնտը:

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրի փոխհամագործակցության բոլոր ակտուալ հարցերը:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, երկու երկրի ղեկավարները մտադիր են առաջիկա հանդիպմանը քննարկել «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, որոնք հակասականների շարքին են դասվում»:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացած մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը հայտնել էր, որ առաջիկա շաբաթվա ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները: Պուտինի խոսքով՝ հաջորդ շաբաթ նախատեսվում է Փաշինյանի այցը Մոսկվա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի անցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարմանն արդեն 2019 թվականի սկզբին:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը