Աշխարհ

22.12.2018 10:51


Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից (տեսանյութ)

Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից (տեսանյութ)

Աշխարհի յուրաքանչյուր 6-րդ բնակիչ ցանկանում է ընդմիշտ լքել իր հայրենիքը եւ բնակություն հաստատել այլ երկրում: Այս մասին են վկայում այս շաբաթ հրապարակված, 2015-2017 թվականներին ամերիկյան Gallup խմբի կողմից 152 երկրների ավելի քան 450,000 մարդկանց հարցման արդյունքները:

Միացյալ Նահանգները շարունակում է մնալ պոտենցիալ ներգաղթյալների առավել ցանկալի բնակավայրը։ Այստեղ է ցանկանում տեղափոխվել հարցման ենթարկվածների 21 տոկոսը: Երկրորդ եւ երրորդ տեղերը ներգաղթյալների առավել ցանկալի երկրների ցուցակում կիսում են Կանադան եւ Գերմանիան՝ յուրաքանչյուրը 6 տոկոսով:

Հատկանշական է, որ 2015-17 թվականներին անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ Հայաստանից ցանկանում էր արտագաղթել ավելի շատ մարդ, քան Սիրիայից: Այսպես, Հայաստանը, Նիգերիան եւ Հոնդուրասը մի շարքում էին. այս երկրներից ցանկանում էր արտագաղթել բնակչության գրեթե կեսը՝ 47 տոկոսը, մինչդեռ քաղաքացիական պատերազմից տառապող Սիրիայից ցանկանում էր արտագաղթել երկրի բնակչության 46 տոկոսը:

Առավել մեծ թվով մարդ՝ բնակչության երկու երրորդը, ցանկանում է արտագաղթել Սյերա Լեոնեից եւ Լիբերիայից: Հայիթիից, Ալբանիայից, Սալվադորից եւ Կոնգոյից ցանկանում է արտագաղթել բնակչության կեսից ավելին: Արտագաղթի մղելու հիմնական պատճառներն են հակամարտությունները, սովը եւ աղետները:

Համաշխարհային մակարդակով արտագաղթել ցանկացողների ներկա տոկոսը առավելագույնն է նախորդ դարի 30-ականների տնտեսական խոշոր անկումից ի վեր: Միեւնույն ժամանակ, Եվրամիության անդամ պետությունների բնակչության թվում արտագաղթի ցանկության աճ վերջին տասնամյակներում չի արձանագրվել:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը