Լրահոս

08.12.2010 17:59


Կառավարությունն իր ստանձնած պարտավորությանը տեր է

Կառավարությունն իր ստանձնած պարտավորությանը տեր է

ՀՀ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել 2009թ. մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված՝ ՀՀ և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին վարկ տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի 9-րդ կետով նախատեսված պարտավորության  կատարման վերաբերյալ։ Այդ կետով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորություն է վերցնում «Հայներարդբանկ»-ում տվյալ կողմի մշտական իրավաբանական անձանց արտարժույթային հաշիվների մարման մասով։ Ա. Մինասյանը նշել է, որ արդեն մեկ տարի անցել է, և կան իրավաբանական անձանց ներկայացուցիչներ, ովքեր այդ հարցով դիմել են կառավարությանը։

«Կառավարությունն ի՞նչ կոնկրետ քայլեր է նախատեսում այդ ուղղությամբ, մասնավորապես՝ 2011թ. պետական բյուջեում սրա մասին ընդհանրապես խոսք չկա, և ավելի հստակ լինելու համար կխնդրեի, որ կառավարությունն ավելի հստակ ասեր, թե որքա՞ն է այս պահին այդ պարտքի մեծությունը, ի՞նչ սխեմաներ է նախատեսում այդ պարտքը մարելու համար, և արդյոք այդ պարտքի մարումը իրականացվելու է ավանդների հետվերադարձման կանոններին համապատասխա՞ն, թե՞ ոչ»,-կառավարությանը հարց է ուղղել Արծվիկ Մինասյանը և նշել, որ ժամանակին նույն հարցին կառավարությունը պատասխանել է, թե այդ պարտքն իր վրա է վերցնում։

Հարցին պատասխանել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը և նշել, թե այդպիսի պայմանավորվածություն իրոք կար, և տրամաբանությունն այն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո յուրաքանչյուր երկիր է ստանձնում այդ պարտավորությունները իր քաղաքացիների, իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այդ փաստը, նախարարի խոսքերով, ամրագրվել է վերոնշյալ պայմանագրով։

-Այս պահի դրությամբ այն տեղեկատվությանը, որ ես տիրապետում եմ, մենք ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորություններ չունենք, ունենք իրավաբանական անձանց նկատմամբ, և մենք, իհարկե, պատասխանատու ենք մեր ստանձնած պարտավորությունների համար։ Ներկայացված հայտերը պետք է քննարկենք և լուծումներ գտնենք, այդ թվում՝ նաև բյուջետային գործընթացի շրջանակներում։ 2011թ. բյուջեով այդ գումարները նախատեսված չեն, բայց գործընթացը նոր է սկսվել, և ես հավաստիացնում եմ, որ մենք նորմալ, բնականոն ընթացքով այդ խնդիրների լուծումները կփորձենք տալ։ Պարտավորությունը մնում է, և մենք այդ պարտավորության տերն ենք,-ասել է Տիգրան Դավթյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը