Լրահոս

17.11.2010 13:41


ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալը ստու՞մ է

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը հերքելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից տարածած տեղեկատվությունը, լրատվամիջոցների կողմից իրեն ուղղված հարցերի պատասխաններում թույլ է տալիս, մեղմ ասած, բազում անճշտություններ, փորձելով թաքցնել այն իրական պատմությունը, որը տեղի է ունեցել վերջինիս հետ ս.թ. հոկտեմբերի 24-ից 26-ը Վրաստանում գտնվելու ժամանակ:

Ելնելով այն իրողությունից, որ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տիրապետում է տվյալ միջադեպին առնչվող ամբողջ տեղեկատվությանը, մենք մի շարք հարցեր ենք ուղղում պարոն Քարամյանին, որոնց պատասխանները ստանալուն կարծում ենք հետամուտ կլինեն նաև սույն միջադեպը լուսաբանող զանգվածային լրատվական միջոցները:

Արսեն Քարամյանը հաստատում է, որ ինքը Ախալքալաքում և շրջանում տեղի ունեցող միջոցառումներին մասնակցելու էր պաշտոնական կարգավիճակում, ենթադրելի էր որպես Հայաստանից Վրաստան այցելող պաշտոնական պատվիրակության ղեկավար, քանզի ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից բարձր պաշտոն զբաղեցնող անձ  այդ պատվիրակության կազմում չկար:

Հարց. «Ի՞նչ հրատապ դեպք էր պատահել, որ վաղօրոք ձեռք բերված միջպետական պայմանավորվածությունների արարողակարգը  Դուք խախտեցիք և Ձեր աշխատավայրից շարժվեցիք Վրաստանի ուղղությամբ երեք ժամ ուշացումով»:

Հարց. «Եթե Վրաստան կատարելիք Ձեր պաշտոնական այցելության շրջանակներում նախատեսված էր նաև Ձեր և  Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարար Նիկոլոզ Րուրուայի հետ հանդիպումը, ապա ինչո՞ւ այդ հանդիպումը, հանդիպման արդյունքները և Ձեր պաշտոնական այցը Վրաստան որևէ ձևով չի լուսաբանվել ո'չ Վրաստանի Մշակույթի, հուշարձանների պաշտպանության և սպորտի նախարարության և ոչ էլ Հայաստանի Հանրապետության Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական վեբ-կայքերում»:

Հարց. «Երկու օր գտնվելով Թբիլիսիում, բացի նախարարի հետ նախատեսված պաշտոնական հանդիպումից, ի՞նչ այլ հանդիպումներ եք ունեցել, ի՞նչ հարցեր եք քննարկել, ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերվել և այդ ամենի մասին ո՞վ և որտե՞ղ է իրազեկել հանրությանը: Կարող ե՞ք հրապարակել Ձեր պաշտոնական  այցի պաշտոնական հաշվետվության այն մասը, որի իրավունքը Դուք ունեք»:

Հարց. «ԶԼՄ-երին տրված Ձեր պատասխաններում հնչեցնում եք այն միտքը, որ Ախալքալաքում միջոցառումները տեղի են ունեցել ամբողջ ծավալով և պատշաճ մակարդակով:  Դուք մասնակցե՞լ եք Ախալքալաքում հոկտեմբերի 24-ին գլխավոր միջոցառմանը, եթե այո, ապա ինչո՞ւ ելույթ չեք ունեցել»:

Ձեր պատասխաններով անուղղակի հաստատում եք, որ չեք մասնակցել Ախալքալաք շրջանում և Ախալքալաք քաղաքում  տեղի ունեցած միջոցառումներին, Երևանից երեք ժամ ուշ շարժվելու պատճառով, և որի հետևանքով Ձեր աշխատանքային գրաֆիկը խտացվել է բավականին, ուստի մի կերպ նույն օրը հասցրել եք հանդիպել  միայն նախարար Րուրուային:

Հարց. «Իրականում նախարար Նիկոլոզ Րուրուան ե՞րբ է բարեհաճել հանդիպել Ձեզ, հոկտեմբերի 24-ին, հոկտեմբերի 25-ին, թե  հոկտեմբերի 26-ին»:

Հարց. «Եթե Ախալքալաք շրջանում և Ախալքալաք քաղաքում Ձեր գտնվելու տևողությունը պետական կամ ծառայողական գաղտնիք չի պարունակում, ապա քանի՞ օր պետք անցկացնեիք նշված վայրերում և իրականում քանի՞ ժամ են Ձեզ պատանդի կարգավիճակում պտտեցրել Ախալքալաքում»:

Հարց. «Ձեզ իրազեկե՞լ են, որ Ախալքալաք շրջանում կազմակերպվող միջոցառումների անցկացման ժամանակ վրացական իշխանությունները հարուցել են խոչընդոտներ, արգելելով մարդկանց գյուղերից գնալ Ախալքալաք, կամ գյուղերում անցկացնել որևէ միջոցառում, ինչպես նաև մի շարք բնակավայրեր այդ ընթացքում հոսանքազրկվել են։ Եթե Ձեզ հայտնի են եղել նման փաստեր, ապա ի՞նչ քայլեր եք ձեռնարկել և արդյո՞ք վրացական կողմին հայտնել եք Ձեր պաշտոնական դժգոհությունը»։

Հարց. «Թբիլիսիում գտնվելու ժամանակ Ձեզ փորձե՞լ են համոզել, որ Երևան վերադառնաք ինքնաթիռով։ Եթե այո, ինչո՞ւ»:

Կրկին անգամ հաստատում ենք, որ Արսեն Քարամյանին վրացական կողմը արգելել է իր կամքով մուտք գործել Ախալքալաք: Արսեն Քարամյանին Բավրայի սահմանային անցակետից փաստացի պատանդի կարգավիճակում տեղափոխել են Թբիլիսի: Եվ այնուամենայնիվ վրացական կողմն արդեն իսկ մի լավ վախեցած Արսեն Քարամյանին ուղեկցում է Ախալքալաքի մի քանի կիսակառույց և նորակառույց շինություններ դիտելու, զմայլվելու և որպեսզի վերջինս Հայաստանի իշխանություններին և հայ հանրությանը ինչ-որ բան կարողանա պատմել Ախալքալաք կատարած իր պաշտոնական-աշխատանքային արդյունավետ այցի մասին։

Այս ամբողջ պատմության մեջ Արսեն Քարամյանը ընդամենը իշխող ռեժիմի կառավարման համակարգի զոհերից մեկն է, ոչ առաջինը և ոչ էլ վերջինը, քանի դեռ այդ համակարգը կառավարում է Հայաստանում:

Մեր խնդիրը իրականում Արսեն Քարամյանի ձախողված առաքելության բացահայտում չէ։

Մեկ անգամ ևս բարձրաձայնում ենք և հայտնում մեր մտահոգությունն ու զայրույթը Վրաստանի իշխանությունների կողմից Վրաստանում, մասնավորապես Ջավախքում բնակվող հայության նկատմամբ կիրառվող հայատյաց քաղաքականության կապակցությամբ, ինչը հետևանք է Հայաստանում պետության չգոյության և հայ ժողովրդին բախտի քմահաճույքին հանձնելու տխուր իրողության։

Այս խորագրի վերջին նյութերը