Լրահոս

17.11.2010 13:11


Սերժ Սարգսյան. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշ­­նակիցն է»

Սերժ Սարգսյան. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշ­­նակիցն է»

Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:

Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրակա­նացվող բազ­մաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Մի­ու­թյանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգա­սա­բեր աշխատանք' ի բարօրու­թյուն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղ­ձերի իրականացման:

«Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնու­թյու­նում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բա­ցատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամ­րացող հայ­կա­կան կազմա­կեր­պությունը' Ռուսաս­տա­նի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համա­հայկական նախաձեռնություննե­րի առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների դերը, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր,  հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ կրում են և՛ հաջո­ղու­թյուն­­ների, և՛ դժվարությունների ողջ պատաս­խա­նատ­վությունը' իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ' միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, Նախագահը խոսել է հարուստ պատմություն և հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին.

«Անուրանալի է մեր հայրենակից­ների ներդրումը հայ-ռուսական համագործակ­ցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշ­­նակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրա­կանացվող ներդրումային ծրագ­րե­րի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեց­նում առաջին տեղը: Սա օրինա­կե­լի միջպետական հարաբերությունների դրսևո­րում է, որի զար­գաց­մանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:

Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել և հանձնել է պետական պարգևը:

Այս խորագրի վերջին նյութերը