Աշխարհ

13.12.2018 15:15


Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև

Այժմ բարենպաստ իրադրություն է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար. Ալիև

«Բաքուն կշարունակի մեկուսացնել Հայաստանին, մինչև Ադրբեջանի «գրավյալ» տարածքները չազատագրվեն»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միաժամանակ պնդելով, որ այժմ խնդրի կարգավորման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել:

«Կարծում եմ, որ այսօր իրադրությունն առավել բարենպաստ է, կան շատ գործոններ, որոնք հիմք են տալիս նման հայտարարությունների համար»,-ասել է Ալիևն՝ առանց հավելյալ մանրամասների:

Հայտարարությունները հնչել են 2018 թվականին Ադրբեջանի մարզական ձեռքբերումներին նվիրված արարողության ժամանակ:

***

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում՝ բանակցությունների ժամանակ, քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն՝ իրենց ժողովուրդների խաղաղությանը նախապատրաստելու համար։

Այսօր լրագրողների հարցին, թե կոնկրետ ի՞նչ քայլերի մասին է խոսքը, Զախարովան չի պատասխանել, նկատել է, միայն, որ դա քայլերի մի ամբողջ համալիր է, որը պետք է մշակել, և դրանով պետք է զբաղվեն կողմերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օգնությամբ։

Լավրովը Բաքու է մեկնում՝ մասնակցելու Սևծովյան համագործակցության կազմակերպության արտգործնախարարների նիստին, որտեղ առանձնազրույց է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Լավրովն ու Ալիևը քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր, տարածաշրջանային ու միջազգային թեմաներ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը