Լրահոս

11.03.2010 16:01


Գրիգոլ Տավատաձե. «Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, տեղի է ունենում նաև Ջավախքում»

Գրիգոլ Տավատաձե. «Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, տեղի է ունենում նաև Ջավախքում»

Ջավախահայության խնդիրներից խոսելիս Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեն նշել է, որ դրանք միշտ էլ լինելու են, քանի որ երբ խոսքը երկու հարևան պետությունների մասին է, անհնար է, որ խնդիրներ չլինեն. «Չի լինի այնպիսի օր, որ ես կամ Թբիլիսիում Հայաստանի դեսպանը հանգստանանք»։

Անդրադառնալով մասնավորապես Ջավախք հայկական գրականության մուտքի արգելքին՝ նա նշել է, որ գրականության մուտքն արգելված չէ. հարցը վերաբերում է դասագրքերին։ Նա նշել է, որ Վրաստանի տարածքում Վրաստանի բյուջեից ֆինանսավորվում է 144 հայկական դպրոց. «Ես համոզված եմ, որ եթե մարդը ցանկանում է լիարժեք մասնակցել պետական կառավարմանը, իր մայրենի լեզվի հետ միասին պետք է իմանա այն երկրի լեզուն, որտեղ ապրում է»։

Ինչ վերաբերում է հայկական Ս.Գևորգ եկեղեցուն, որը վրացական իշխանությունները խոստացել էին վերանորոգել, Գրիգոլ Տավատաձեն նշել է, որ երկու երկրների Մշակույթի նախարարությունների հետ բանակցություններ են տարվել եկեղեցին վերանորոգելու վերաբերյալ։

-Այդ եկեղեցին անպայման վերանորոգվելու է։ Այդ հարցը մենք քննարկել ենք նաև հունվարին, ստեղծվել է հայ-վրացական միջկառավարական ժողով, և արձանագրության մեջ գրված է, որ այն վերանորոգվելու է։ Այս փուլում, որքանով տեղյակ եմ, աշխատանք է տարվում ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։ Սա շատ ցավալի փաստ է երկու ժողովուրդների պատմության մեջ,- ընդգծել է դեսպանը։  

Նա նշել է նաև, որ կիսում է Վրաստանի արտգործնախարարի կարծիքը, որ Ջավախքի խնդիրները բնորոշ են ողջ Վրաստանին. «Եթե նախարարը նկատի ուներ սոցիալ-տնտեսական իրավիճակը, դուք գիտեք՝ ինչ իրավիճակ է մեր երկրներում, ոչ միայն Վրաստանում, այլև Հայաստանում։ Դա իսկապես այդպես է, և նախարարի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Սամցխե-Ջավախքն անուշադրության մատնված չէ Վրաստանի կողմից, և այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, տեղի է ունենում նաև Ջավախքում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը