Աշխարհ

06.12.2018 18:21


Ադրբեջանում աճել է բանտարկյալների թիվը

Ադրբեջանում աճել է բանտարկյալների թիվը

2005-2015թթ-ին ադրբեջանական բանտերում աճել է բանտարկյալների թիվն ու վատթարացել են նրանց պահպանման պայմանները։ Այս մասին հաղորդվում է Եվրախորհրդի «Եվրոպայի բանտերը 2005-2015թթ-ին» զեկույցում։

Թվերով արտահայտված փոփոխություններ

Այդ զեկույցի համաձայն՝ եթե 2005թ-ին Ադրբեջանում 100 հազար մարդուն բաժին էր ընկնում 203 բանտարկյալ, ապա 2015թ-ին՝ արդեն 250։

Վրաստանում բանտարկյալները մի փոքր ավելի շատ են (274 բանտարկյալ 100 հազար մարդու հաշվարկով), Հայաստանում՝ մի փոքր ավելի քիչ (129 բանտարկյալ)։

Բացի այդ, 25%-ով աճել է բանտերում մարդկանց տեղավորման խտությունը, 83%-ով՝ բանտարկյալ կանանց և 12%-ով՝ արտասահմանցիների թիվը։

• Քաղբանտարկյալների պատմություններն ադրբեջանական բանտերի մասին

• Հայաստանում ցմահ դատապարտյալի «Նամակներ բանտից» շարքի առաջին նամակը

Բայց լավ նորություններ էլ կան․ բանտերում մահացության դեպքերը պակասել են 38%-ով (10 հազար մարդու հաշվարկով), իսկ ինքնասպանությունների թիվը՝ 70%-ով։

Իսկ հիմա ինչպե՞ս է

Զեկույցն ավարտվում է 2015 տվյալներով, և հետագա երեք տարիները հետազոտության շրջանակից դուրս են։ Տեղի փորձագետները կարծում են, որ Ադրբեջանում բանտարկյալների պահպանումն այն ժամանակվանից չի փոխվել, հնարավոր է, որ նույնիսկ ավելի վատ է դարձել։

«Բանտարկյալների թիվը, հնարավոր է, նվազել է, որովհետև 2015թ-ից հետո համաներում և ներման մի քանի ակտ է եղել։ Սակայն, ընդհանուր առմամբ, բանտարկյալների իրավունքների ապահովման հետ կապված իրավիճակը վատթարացել է։ Ավելացել են կտտանքների և բանտարկյալների հետ անմարդկային վերաբերմունքի փաստերը։ Չնայած դատապարտյալների թվի կրճատմանը՝ քաղբանտարկյալների թիվը կայուն կերպով պահպանվում է 150-160 մարդ մակարդակում», – «Կավկազսկի ուզելին» ասել է «Միություն՝ հանուն քաղբանտարկյալների» կազմակերպության համակարգող Էլշան Հասանովը։

Նրա հետ համակարծիք է Քաղբանտարկյալների պաշտպանության կենտրոնի համակարգող Օգթայ Գյուլալիևը․

«Բանտերում քիչ են սանհանգույցները։ Բժշկական սպասարկման որակը շատ ցածր է։ Լուրջ խնդիր է քաղբանտարկյալների մեծ թիվը, որ հասնում է 150-ի»։

Ադրբեջանի քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներից ԵԽ զեկույցի վերաբերյալ մեկնաբանություններ դեռ չկան։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը