Լրահոս

11.03.2010 13:16


«Ալիք» օրաթերթ. «Իրանական շաբաթվա դիտարկում»

Իրանի ներքաղաքական առավել հատկանշական իրադարձություններից կարելի է համարել շաբաթասկզբում գիտության նախարարի կողմից վերջնագրային այն հայտարարութիւնը, ըստ որի՝ համալսարաններից հեռացւելու են համակարգին չհամապատասխանող դասախոսները: Նա ընդգծել է. «Առանց որևէ վարանման՝ հայտարարում եմ, որ համալսարաններում կարիք ունենք այնպիսի մարդկանց (դասախոսների,- խմբ.), որոնք հանձնառու և գործնկանում նվիրված են լինելու իսլամին ու «Վելայաթէ ֆաղիհին» (հոգևոր առաջնորդ): Այս հայտարարությունը նախարարն արել է այն հիմանվորմամբ, որ «Գիտութեան նախարարութիւնը խստորեն չեզոքացնելու է արևմտյան մշակույթը տարածողներին...»:

Անցնող շաբաթւայ ընթացքում Իրանի պաշտպանական համակարգը համալրվեց ևս մեկ հրթիռային միավորով: Պաշտպանության նախարարի մասնակցությամբ օրերս գործարկվեց «Քրուզ» տեսակի «Նասր 1» հրթիռի արտադրագիծը: Ըստ նախարարի՝ սույն հրթիռը կարող է ոչնչացնել երեք հազար տոննա կշռող նավեր: Օրերս նաեւ փորձարկվեց իրանական արտադրության «Ջամարան» ռազմանավից «Նուր» (Լույս) կոչվող հրթիռի արձակման գործողությունը, որը Իրանի ծովուժի հնարավորությունների կատարելագործման հերթական ապացույցն է:

Ներքաղաքական տեսադաշտում շաբաթվա ընթացքում ակներև էր քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների կողմից անցնող տարին բնութագրելու եւ իրադարձություններից դասեր առնելու հանգամանքը: Ըստ այդ քաղաքական գործիչների՝ ներքաղաքական իրավիճակը պետք է ձևաւորել ընդհանրական հանդուրժողական մթնոլորտում, բացառել փորձառու, սրտցավ ու իշխանական համակարգից դուրս գտնվող քաղաքական-մտավորական դեմքերի ու գործիչների ինքնանպատակ չեզոքացումն ու մեկուսացումը: Իսկ մի շարք կրոնապետեր շեշտում էին ժողովուրդ-իշխանություն առավել մերձեցման, ինչպես նաև համընդհանուր միասնականության հաստատման պարագան, որպեսզի հնարավոր լինի դիմակայել ինչպես ներքին, հասարակական-տնտեսական, այնպէս էլ՝ արտաքին մարտահրավերներին:

Արտաքին քաղաքական ոլորտի անմիջական անդրադարձը պետք է ուղղել այն հանգամանքի վրա, որով Իրանը ապացուցեց իր իսկ արթնամտությունը՝ տարածաշրջանային իրադարձությունների ասպարեզում: Այսպես՝ փետրվարի վերջերին Պարսից ծոցի երկրներ այցելած ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնի հակաիրանական նոր ձևաչափի ճամբար ստեղծելու դիվանագիտությունը, կարելի է ասել, գլխովին տապալվեց, երբ Իրանի պաշտպանության նախարարը «Ալջազիրա» հեռուստակայանին տված ասուլիսի ընթացքում իրազեկեց Կատարի, Օմանի եւ Քուվեյթի հետ երկկողմ նոր հուշագրի ստորագրման մասին, որով Պարսից ծոցի հիշյալ երկրները Իրանի հետ երկուստեք հանձնառու են դարձել «միասնական պաշտպանության» և հնարավոր հարձակման ենթարկվելու դեպքում՝ «միմյանց դեմ սեփական տարածքների չօգտագործման» երաշխաւորման համար, որը, ինչպես ընդգծեց պաշտպանության նախարարը, մեծ դերակատարում է ունենալու նաևշրջանի կայունության գործում:

Իրանի և Կատարի միջև այս ոլորտում լրացուցիչ անվտանգության համաձայնագիր ստորագրվեց օրերս ՝ երկու երկրների ներքին գործերի նախարարների կողմից:

Որպես արտաքին քաղաքականության մնայուն մարտահրավեր՝ Իրանի դիվանագիտությունը հաջողությամբ հաղթահարեց հերթական ճնշումը՝ միջուկային խաղաղ տեխնոլոգիայի սեփական իրաւունքներին տեր կանգնելու հարցում: Երբ այդ տեխնոլոգիայի գործարկման Իրանի նախաձեռնութիւնները քաղաքական ենթատեքստով գնահատվեցին ՄԱԳԱՏԷ-ի գլխ. քարտուղար Իվկիա Ամանոյի կողմից, դրան կտրուկ ընդդիմացավ Ոչ-հանձնառու երկրների կազմակերպությունը՝ պախարակելով քարտուղարի զեկույցը, որում նշված է եղել, որ «Իրանը իր միջուկային էներգիայի խաղաղասիրական նպատակներում անկեղծ չի եղել...»: Մյուս կողմից՝ Միջուկային էներգիայի միջազգային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Սոլթանիէն հայտարարել է, որ «Արեւմուտքը նպատակադրել է Վիեննային թելադրել Նյու Յորքից»...՝ հստակեցնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ու մի շարք արեւմտյան երկրներ Իրանի միջուկային թղթածրարի նկատմամբ օգտագործում են կազմակերպությանը որպես միջազգային մի հետախույզի եւ ուզում են վերջնիս կորզած հակաիրանական զեկույցը ամրագրել նյույորքյան (ՄԱԿ) Անվտանգութեան խորհրդում ու այստեղից թելադրանքներ ու պատժամիջոցներ սահմանել:

Իսկ Արևմուտքի կողմից Իրանի միջուկային էներգիայի տեխնոլոգիան տապալելու նպատակով Ռուսաստանին ներգրաւելու հերթական ջանքերը եւս մնում են ապարդյուն: Այս գծով ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնութեան մշտական ներկայացուցիչը կրկին անգամ Իրանի խնդրով առաջարկեց մեղմ ու դիվնագիտական քայլերի կիրառումը և ընդգծեց. «Ռուսաստանը Իրանին բոյկոտի ենթարկելու ոչ մի ծրագիր չի նախատեսել»:

«ԱԼԻՔ» օրաթերթ, Թեհրան
11
մարտի 2010 թ.

Այս խորագրի վերջին նյութերը