Լրահոս

11.03.2010 11:38


«Ժառանգության» օրինագիծը բռնադատվածների ու նրանց ժառանգների իրավունքների ապահովման մասին

 

«ժառանգություն» խմբակցության պատգամավորները  Ազգային ժողովի նախագահին են ուղարկել օրինագծի նոր փաթեթ ««Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»: Պատգամավորներն առաջարկում են փոփոխություն եւ լրացում կատարել 1994 թվականի հունիսի 14-ի «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում, որպեսզի բռնադատվածները, ինչպես նաեւ նրանց առաջին կամ երկրորդ հերթի ժառանգներն օգտվեն բռնադատվածի բռնագրավված (եւ վերադարձմանը ոչ ենթակա) գույքի, նրա կողմից վճարված տուգանքի կամ պատիժը կրելու ընթացքում չստացած աշխատավարձի դիմաց միանվագ դրամական փոխհատուցման իրավունքից: Նաեւ առաջարկվում է այդ միանվագ դրամական փոխհատուցումը սահմանել ոչ թե գործող օրենքով նախատեսված 12.000 դրամի, այլ 240.000 դրամի չափով, որպեսզի փոխհատուցումը գոնե հարիր լինի ծայրահեղ աղքատության շեմի միջին հաշվարկային ցուցանիշին մեկ տարվա կտրվածքով:  

 «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը բռնադատվածի մահվան դեպքում նրա ժառանգների համար չի նախատեսում սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված դրամական փոխհատուցում ստանալու իրավունք: Ավելին' գործող օրենքի 13-րդ հոդվածի բովանդակությունը սահմանափակում է բռնադատվածների ժառանգների պահանջի եւ փոխհատուցման իրավունքը' առաջացնելով նաեւ անհամապատասխանություն Քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 11-րդ մասի հետ, ըստ որի արդարացվածի մահվան կամ անգործունակության դեպքում պահանջի իրավունքը այդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 9-րդ մասերի համաձայն անցնում է նրա ժառանգներին:

Հետեւաբար, օրենսդրական նախաձեռնությամբ «Ժառանգության» պատգամավորները նպատակ ունեն փոխհատուցման իրավունքից օգտվելու հնարավորություն նախատեսել բռնադատվածների ժառանգների համար, ինչպես նաեւ' վերանայել գործող օրենքով սահմանված բռնադատվածին փոխհատուցմամբ  տրվող  12.000 դրամի չափը: Այս նախաձեռնությամբ «Ժառանգության» պատգամավորները փորձել են բարոյական աջակցություն ցուցաբերել հասարակության այս խմբին' ղեկավարվելով սոցիալական արդարության ապահովման, Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքների' օրենսգրքերին համապատասխանելու պահանջի ապահովման, օրենքներում տարընթերցումների եւ տարաձայնությունների վերացման սկզբունքներով: Օրենսդրական նախաձեռնությունը բխում է կուսակցության հիմնական եւ նախընտրական սոցիալական ծրագրերից եւ 2011 թվականի հունվարից ուժ ստանալու ու կիրառվելու դեպքում թույլ կտա հասարակության այդ սոցիալական խմբին օգտվել իր իրավունքից:

 «Ժառանգություն» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը