Լրահոս

11.03.2010 09:22


Սերժ Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին  Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

ՀՀ Նախագահն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական եւ ջերմ հարաբերությունների հետագա խորացման գործում: Սերժ Սարգսյանը  բարձր է գնահատել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի գործունեությունը եւ միջխորհրդարանական կառույցներում համագործակցության ներկա մակարդակը, կարեւորել հայ եւ ֆրանսիացի խորհրդարանականների պարբերական փոխադարձ այցելություններն ու շփումները: Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Սենատի պատրաստակամությունը' նպաստելու հայ-ֆրանսիական բարեկամության հետագա խորացմանը:

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Փարիզում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների ակտիվ գործունեությունը, ջերմությամբ ընդգծելով խմբի նախկին ու ներկա նախագահներ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ Ռենե Ռուքեի նշանակալի վաստակը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, մեր ժողովրդի համար առանցքային նշանակություն ունեցող ազգային խնդիրների շուրջ խմբի անդամների կողմից ցուցաբերվող սկզբունքային եւ անաչառ մոտեցման գործում: Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին:

Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ավարտին Սերժ Սարգսյանը Փարիզում աշխատանքային ընթրիք է ունեցել ֆրանսահայ համայնքի մի խումբ ազդեցիկ ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը