Լրահոս

10.03.2010 23:57


Տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի հանդիպումը

Տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի հանդիպումը

Այսօր Ելիսեյան պալատում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: ՀՀ Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր' սա Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Նախագահների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2008 թ. նոյեմբերին, Հայաստանի Հանրապետության Նախագահի' Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:

Ելիսեյան պալատում կայացած դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է նախագահների առանձնազրույցը: Այնուհետեւ, ի պատիվ Հայաստանի Հանրապետու­թյան Նախագահի' Նիկոլա Սարկոզիի կողմից տրվել է պաշտոնական ճաշ: 

Շնորհակալություն հայտնելով Նախագահ Սարկոզիին պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանելու հրավերի համար, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: ՀՀ Նախագահը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար կարեւոր են կանոնավոր հանդիպումներն ու շփումները, փոխա­դարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում և աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում' վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբե­րություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով:

Նախագահ Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջև: Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը և ընդգծել, որ Ֆրանսիան եղել և մնում է Հայաստանի բարեկամը' մշտապես կանգնած լինելով նրա կողքին:

Հայաստանի Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին և Նախագահ Սարկոզիին' Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետևողական և սկզբունքային մոտեցման համար:

Սերժ Սարգսյանն ու Նիկոլա Սարկոզին քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը (Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրներից մեկն է), տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող, ինչպես նաև' փոխադարձ քաղաքական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ֆրանսիայի Նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության Նախագահի' տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:   

Նախագահներ Սարգսյանն ու Սարկոզին մտքեր են փոխանակել նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը, հումանիտար ոլորտում գործակցության ընդլայնմանը,  ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլա Սարկոզիին տարբեր ուղղություններով Հայաստանին ցուցաբերվող հետևողական աջակցության համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բարձր մակարդակով երկկողմ շփումները:   

Այս խորագրի վերջին նյութերը